Մատչելիության հղումներ

Էրդողանը ստանձնեց պաշտոնը. առաջին անգամ Հայաստանը ղեկավարի մակարդակով մասնակցեց Թուրքիայի նախագահի երդմնակալությանը


Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալությամբ ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը․ - «Որպես նախագահ ես երդվում եմ իմ պատվով ու ազնվությամբ մեծ թուրքական ժողովրդի առաջ՝ ամբողջ ուժով աշխատել՝ պաշտպանելու պետության գոյությունն ու անկախությունը, անկողմնակալ կատարել իմ պարտքը»։

Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում։

Նախագահի մանդատը նրան հանձնեց խորհրդարանի ժամանակավոր խոսնակ, ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին։

Նորընտիր խորհրդարանը լիզորությունները ստանձնել է նախօրեին։ Նիստը մոտավորապես 10 ժամ է տևել, քանի որ, ըստ արարողակարգի, 600 պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է մոտենար ամբիոնին և երդվեր։

Ռեջեփ Էրդողանը խորհրդարանից ուղևորվել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Վերընտրված նախագահի ինագուրացիայի արարողությունը անցկացվեց Թուրքիայի նախագահական նստավայրում։

Այդ արարողությանը հրավիրված էին տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինային ուղեկցում էր Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Անկարայի «Էսենբոգա» օդնավակայանում նրանց դիմավոր է հայ-թուրկան հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի բանագնաց դեսպան Սերդար Քըլըչը։

Սա առաջին անգամ էր, որ Հայաստանը պետության ղեկավարի մակարդակով մասնակցում էր Թուրքիայի նախագահի ինագուրացիայի արարողությանը։ Մինչ այս միայն մեկ անգամ՝ 2014-ի օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր մասնակցել արարողությանը։

Թուրքիայի նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Պետության ղեկավարներից այսօր Անկարայում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսաստանը միջոցառմանը ներկայացնում էր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, իսկ Վաշինգտոնը ներկայացել էր Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի մակարդակով:

Երեկոյան Թուրքիայի նախագահի նախկին նստավայր՝ Չանկայա պալատում պաշտոնական ընթրիք է տրվելու։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, ընթրիքից հետո Էրդողանը հնարավոր է հրապարակի նոր կառավարության կազմը։

Ռեջեփ Էրդողանը, հաղթելով մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, 5 տարի ժամկետով նախագահի պաշտոնը ստանձնեց արդեն 3-րդ անգամ՝ օգտագործելով սահմանադրական փոփոխությունների պատրվակը։ Մինչ այդ նա ևս 10 տարի երկիրը կառավարել էր վարչապետի պաշտոնում, երբ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG