Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաստատել է Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին առավոտյան տեղի ունեցած տանկերով մարտերի մասին տեղեկությունը։
Ռուսական կողմը հայտնում է, թե գիշերվա մոտ ժամը երեքին, ինտենսիվ հրետակոծությունից հետո, ուկրաինական երկու մոտոհրաձգային վաշտեր՝ ուժեղացված են տանկերով, փորձել են ներխուժել Ռուսաստանի Դաշնության տարածք Նովայա Տավոլժանկան և Շեբեկինոյի անցակետերի մոտ։Հրետանային ու օդային հարվածներից հետո ուկրաինացի զինվորականները, ըստ ռուսական կողմի, նահանջել են։
«Արևմտյան ռազմական օկրուգի սահմանապահ ստորաբաժանումների և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ակտիվ գործողությունների արդյունքում Կիևի ռեժիմի ահաբեկչական կազմավորումները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Այսօր ավելի վաղ Գրայվորոնսկի շրջանի տարածքում իրականացված նախորդ գրոհի պատասխանատվությունը ստանձնած Ռուսաստանի կամավորական կորպուսի մարտիկները հայտարարել էին Շեբեկիոյի վրա հարձակման երկրորդ փուլի մասին. - «Մեր մարտիկները կրկին կռվում են Ռուսաստանի տարածքում, շուտով կլինեն Շեբեկինոյի ծայրամասերում»։
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը պնդում է, որ տարածաշրջանում այժմ ուկրաինացի զինվորականներ չկան, սակայն գնդակոծությունները շարունակվում են. - «Վատ առավոտ է այսօր Բելգորոդի մարզում։ Շեբեկինսկի շրջանում շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունը։ Վիրավորվել է ութ մարդ։ Մահացածներ չկան, բայց կա զանգվածային հրետակոծություն»։
Գլադկովի խոսքով, շարունակվում է բնակչության մասնակի տարհանումը Շեբեկինսկի շրջանից։ Քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել հանրակացարաններից մեկի շենքում, առաջացել են հսկայական հերթեր քաղաքից դուրս տանող ճանապարհներին։ Այս պահին էլ Շեբեկինոյում հանգիստ չէ։ Ուժեղ պյթյունը մասին հայտնում են բնակիչները, արդեն հայտնվել են տեսագրություններ։
Լարված է իրավիճակը ոչ միայն Շեբեկինոյում։ Նահանգապետի խոսքով, ևս երկու մարդ վիրավորվել է Նովոպետրովկա գյուղում գնդակոծության հետևանքով։
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Ռուսաստանում հրետակոծությունների և հնարավոր մարտերի մասին լուրերը։ Կիևը Բելգորոդի վրա նախորդ հարձակումների ժամանակ պնդում էր, թե Ուկրաինան ուղղակիորեն ներգրավված չէ, քանի որ «Ռուսական կորպուսը» Ուկրաինայի զինված ուժերի մաս չէ և կազմված է բացառապես Ռուսաստանի քաղաքացիներից:
Պատերազմը դե ֆակտո տեղափոխվել է նաև Ռուսաստանի տարածք։ Վաշինգտոնը շարունակ պնդում է, թե արգելում է Կիևին օգտագործել ամերիկյան զենքը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին երեկ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է. Վաշինգտոնը չի աջակցում Ռուսաստանի տարածքին ուկրաինական բանակի հարվածներին։ Քիրբին ընդգծել է, որ ուկրաինական կողմը վստահեցրել է Միացյլալ Նահանգներին, որ նման հարվածների համար չի օգտագործի Ամերիկայից ստացած զենքը։
Դարձյալ ինտենսիվ ռմբակոծության է ենթարկվել Կիևը
Ուկրաինայի մայրաքաղաքը երեկ գիշերը կրկին ենթարկվել է ինտենսիվ ռմբակոծության։ Երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, տասներկու մարդ վիրավորվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում գիշերային հրթիռակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել, կան վիրավորներ
Կիևի չդադարող ինտենսիվ ռբակոծության, Ռուսաստանի տարածքում չդադարող հրետակոծության ֆոնին Ուկրաինայի նախագահն այսօր ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք։
«Այսօր մենք աշխատում ենք Մոլդովայում, մասնակցում ենք եվրոպական համայնքի գագաթնաժողովին: Կան բազմաթիվ երկկողմ հանդիպումներ: Մենք մշակում ենք կործանիչների կոալիցիա և առաջարկում ենք Patriot հակաօդային պաշտպանության կոալիցիա: Ամեն ինչ մեր ապագան պաշտպանելու համար է», - գրել է Վլադիմիր Զելենսկին իրTelegram ալիքում
Մինչ այդ, երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային է տրամադրում 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի Patriot համակարգերի, Stinger և Avenger հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ, ինչպես նաև ռադարով ղեկավարվող հրթիռներ: Սա Բայդենի վարչակազմի Ուկրաինային տրամադրվող օգնության արդեն 39-րդ փաթեթն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի ՈւկրաինայինՄիևնույն ժամանակ, Ուկրաինայի դաշնակիցները հայտարարում են, որ թե Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ չի վերջացել պատերազմը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շեշտում է՝ Ուկրաինան նախ պետք է հաղթի։
Ուկրաինան Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովից ակնկալում է դաշինքին միանալու ճանապարհային քարտեզ կամ գոնե անվտանգության երաշխիքներ ստանալ։ Ինչ տեսք են ունենալու այդ երաշխիքները, դեռ հայտնի չէ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները մտադիր են Ուկրաինային «քաղաքական և նյութական օգնության ամուր փաթեթ» տրամադրել Վիլնուսում։