Կրեմլը հայտարարել է, որ ռուսաստանցիները սատարում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիա» իրականացնելու հարցում:
Այդ մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա այդպես պատասխանել է այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր որդու և հանրային ճանաչում ունեցող այլ քաղաքացիների մասնակցությունն Ուկրաինայում ընթացող մարտերին:
«Ինչպես գիտենք, ռուսների գերիշխող մեծամասնությունը բացարձակ աջակցություն է հայտնում նախագահին այդ օպերացիայի հարցում և սատարում է դրան մասնակցող հերոսներին», - ասել է Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը մտադիր է այցելել զորակոչի կենտրոններ, որտեղ մարդիկ հերթ են կանգնում զինված ուժերի հետ պայմանագիր կնքելու համար, Պեսկովն ասել է, որ նախագահը տեղյակ է:
«Դա տեսնելն ու լսելը հիանալի է»,- ասել է Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսնակի որդին՝ 33-ամյա Նիկոլայ Պեսկովը ծառայել է Ուկրաինայում Պուտինի մերձավորը համարվող գործարար Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ջոկատներից մեկում և «Խիզախության» մեդալ է ստացել: