Մատչելիության հղումներ

Անօդաչուների հարձակման ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերն աշխատել են «նորմալ, բավարար». Պուտին


Անօդաչուների հարձակման հետևանքով վնասված շենք Մոսկվայում
Անօդաչուների հարձակման հետևանքով վնասված շենք Մոսկվայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային մեղադրել է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակվելու մեջ և ասել, որ այդ հարձակումը պատասխան է Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին երկու-երեք օր առաջ հասցված հարվածին։

«Մենք արդեն խոսել ենք որոշումների կայացման կենտրոններին հարվածներ հասցնելու հնարավորության մասին։ Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբը հարձակման է ենթարկվել երկու-երեք օր առաջ։ Ի պատասխան Կիևի ռեժիմն ընտրեց Ռուսաստանին վախեցնելու, Ռուսաստանի քաղաքացիներին վախեցնելու և բնակելի շենքերին հարվածելու փորձերի ճանապարհը», - ասել է Պուտինը։

Ուկրաինական կողմը հետախուզության շտաբի վրա հարձակման մասին որևէ տեղեկություն չի հայտնել։

Այսօրվա հարձակման ժամանակ, Պուտինի խոսքով, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատել են «նորմալ, բավարար»։

Մայիսի 30-ի առավոտյան անօդաչու սարքերը հարվածել են Մոսկվայի երեք բազմահարկ բնակելի շենքերին։ Շենքերը վնասվել են, և երկու հոգի դիմել է բժշկական օգնություն, սակայն իշխանությունները պնդում են, որ նրանք չեն հոսպիտալացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 8 անօդաչուների մասին, իսկ Թելեգրամ ալիքները, հղում անելով իրենց աղբյուրներին և բազմաթիվ տեսագրություններին, հայտնում են 32 անօդաչու սարքի մասին։

Shot Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Մոսկվայի վրա հարձակվել է 32 անօդաչու թռչող սարք։19-ը խփվել են Մոսկվայի մարզում, մոտ 10-ը ընկել են քաղաքում՝ ծառերի վրա, ևս 3-ը հարվածել են բնակելի շենքերին Լենինսկի պողոտայում, Պրոֆսոյուզնայա և Ատլասովայի փողոցներում։ Անօդաչուների թիրախը Մոսկվայի և Մոսկվայի մարզի արևմտյան և հարավ արևմտյան շրջաններն են, որտեղ գտնվում են ռուս բարձաստիճան պաշտնոյաների առանձնատները, այդ թվում նախագահ Պուտինի նստավայրը։

Ուկրաինական կողմը, ինչպես միշտ, այս անգամ էլ չի ստանձնել հարվածների պատասխանատվությունը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհդրական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, թե Կիևը հարձակումների հետ կապ չունի. - «Մենք ուրախությամբ դիտում ենք և կանխատեսում հարձակումների քանակի աճ: Բայց, իհարկե, մենք ուղղակի կապ չունենք»։

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը անօդաչուներով հարձակումները Մոսկվայի վրա օգտագործել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հերթական անգամ կոշտ քնադատելու համար. - «Այն փաստը, որ նրանք հասել են Ռուբլյովկա, ձեր տներ, ոչինչ: Թող ձեր տները այրվեն: Իսկ ի՞նչ անեմ սովորական մարդիկ, երբ պայթուցիկներով դրոնները բախվում են նրանց պատուհաններին»։

Պետդումայում պատասխանել են Պրիգոժինին և բացատրել, թե ինչու է հնարավոր դարձել անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ կարտապոլովի խոսքով. - «Մենք ունենք շատ մեծ երկիր, և միշտ կլինի մի սողանցք, որտեղով անօդաչու թռչող սարքը կարող է թռչել՝ շրջանցելով այն տարածքները, որտեղ տեղակայված են ՀՕՊ համակարգերը»։

Միևնույն ժամանակ Կարտապոլովն ընդգծել է, որ «զինվորներն անում են այն ամենը, ինչ պետք է անեն», և անօդաչուները չեն խոցել ոչ մի ռազմական կամ կառավարական օբյեկտ և լուրջ վնաս չեն հասցրել բնակելի շենքերին։

Մոսկվայի հարձակումներին նախորդել են ռուսական ուժգին, աննախադեպ ինտեսնիվ հարձակումները ուկրաինական բնակավայրերի վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքը ուժգին հարվածների է ենթարկվում մայիսի սկզբից, գրեթե ամեն գիշեր, երեկ՝ նաև ցերեկը։ Կիևի իշխանությունները հայտնել են, որ այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքում ռուսական հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն խոսքով, ռուսական օդային ինտենսիվ այս հարձակումները կնխատեսելի էին. - «Այդ իսկ պատճառով պետք է Ուկրաինային մատակարարել այն ամենն, ինչ անհրաժեշտ է»։

Բայդենը հավելել է, թե Կիևին մինչև 300 կիլոմետր հեռահարությամբ ամերիկյան հրթիռներ մատակարարելու հարցը օրակարգում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG