Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ, որոնք կողմերն այժմ ուսումնասիրում են, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը՝ բացահայտելով դրանցից միայն երկուսը։
«Օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն պայմանագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը», - նշել է Դերեկ Հոգանը։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ընթացքում ամերիկացի դիվանագետը նշել է, որ այս ամիս՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քառօրյա բանակցությունների ընթացքում հենց այդ առաջարկներն են քննարկել։ Չորս օր տևած այդ բանակցություններից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ» ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ»:
Բանակցություններից մի քանի օր անց «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է , որ կողմերի միջև Առանցքային տարաձայնությունները վերաբերում են նաև Լեռնային Ղարաբաղին, մասնավորապես՝ տարընթերցումներ կան նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում։ Անցած օրերին էլ՝ մամլո ասուլիսի ընթացքում կառավարության ղեկավարը հայտարարել էր, թե չնայած Վաշինգտոնի կոչին՝ զորքերը երկկողմանի հետ քաշել, Ադրբեջանը, մտադիր չէ դա անել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ ՓաշինյանՉնայած հայկական կողմի համար կարևոր հարցերում Ադրբեջանի կոշտ դիրքորոշմանը, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան այդուհանդերձ շեշտել է, որ հունիսի 1-ին Քիշնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Եվրամիության խորհրդի, Ֆրանսիայի նախագահների, Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինի, թե ինչ պետք է արվի «գործն ավարտին հասցնելու համար»։
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնյան միաժամանակ կարծիք է հայտնել, թե «դեռ երկար ճանապարհ է սպասվում»։ Այդ երկար ճանապարհին առաջին կարևոր քայլն արդեն արվել է՝ Հայաստանի կողմից, նկատել է նույն լսումներին մասնակցող ԱՄՆ պետքարտուղարության մեկ այլ ներկայացուցիչ՝ Էլիզաբեթ ՄակՔինը։ Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի միջազգային զարգացման գործակալության գործող ադմինիստրատորի օգնականը նկատի ուներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ ՄակՔինը հատուկ ընդգծել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը:
«Ավելի քան 4 ժամ ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակայնորեն պնդեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Լեռնային Ղարաբաղը՝ ինչը շատ կարևոր առաջին քայլ է։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պատասխանին, բայց սա առաջընթաց է», - նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ ՓաշինյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ընթացքում Հոգանին ուղղված հարցերից մեկն էլ ավելի քան հինգ ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակման մասին էր, որն անհապաղ բացելու կոչեր են հնչել նաև Միացյալ Նահանգներից՝ ամենաբարձր մակարդակով։ Բաքուն այդ հորդորները ոչ միայն անտեսել, այլև նոր անցակետեր է տեղադրել ճանապարհին։
Չնայած այդ հանգամանքին, Դարեք Հոգանը կրկնել է պետքարտուղար էնթոնի Բլինքենի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը, թե Ամերիկյան կողմը մեծ ճնշում է գործադրում Ալիևի վարչակազմի վրա Լաչինի ճանապարհով բեռնատարների և քաղաքացիական մեքենաների ազատ տեղաշարժի ապահովելու հարցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կառավարությունը Հակարիի կամրջի անցակետը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում