Մատչելիության հղումներ

Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը. Կատրին Կոլոնա


Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսը։ Երևան, 28-ը ապրիլի 2023թ.
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսը։ Երևան, 28-ը ապրիլի 2023թ.

Ֆրանսիան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը և հայտարարում, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով, այսօր Երևանում արտգործնախարարության ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

Ադրբեջանը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է պահում արդեն ավելի քան 4 ամիս, իսկ 5 օր առաջ միջանցքում տեղադրել է անցակետ։

«Եվ մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ձեր կողմից ստանձնած պարտավորությունների, բայց նաև համաձայն Միջազգային արդարադատության դատարանի վճռի։ Այդ արգելափակումը արդեն մի քանի ամիս է տևում, դա ընդունելի չէ և չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին, և բացի այդ, մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար», - նշեց Կոլոնան։

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումը նաև բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների համար, կարծում է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Ըստ նրա, Փարիզը կողմ է, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ վարվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև։ Նա հավելեց, որ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծմանը, որը «հնարավորություն կտա երաշխավորել, որ ԼՂ հայ բնակչությունը կշարունակի ապրել այնտեղ ապահով». - «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում։ Ես սա Ազգային ժողովում էլ եմ ասել, պարոն նախարար, վստահեցնում եմ ձեզ, որ սա ես ոչ միայն ձեզ եմ ասում, այլև ասել ենք ադրբեջանական կողմին»։

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական, սակայն հետևանքների առումով չափազանց վտանգավոր խախտում է, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը. - «Դրա և Լեռնային Ղարաբաղը լքելուն ուղղված Ադրբեջանի իշխանությունների արդեն բացահայտ կոչերի, ատելության խոսքի հետևում հնարավոր չէ չտեսնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը։ Սա պետք է պարզ լինի նաև միջազգային հանրության համար, և այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել ենք միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու»։

«Նոր կարգավորման շուրջ բանակցելու մտադրություն Երևանը չունի»

Երեկ Բաքվում Կատրին Կոլոնայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե «ադրբեջանական կողմի առաջարկներից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության ռեժիմի ներդրումն էր, բայց Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից»։

Միրզոյանից հետաքրքրվեցինք արդյոք նման առաջարկ հնչել է։ Հայաստանի արտգործնախարարը ընդգծեց, որ Լաչինի վերաբերյալ բանակցություն եղել և պայմանավորվածություն ձեռք է բերվել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, նոր կարգավորման շուրջ բանակցելու մտադրություն Երևանը չունի։

Դեկտեմբերին Բրյուսելում, պատասխանելով լրագրողի հարցին Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին անարգել մուտք տա դեպի Զանգեզուրի միջանցք, իսկ եթե Հայաստանը պնդի մաքսակետերի անհրաժեշտության մասին, ապա Ադրբեջանը պնդելու է նույն պայմանը Լաչինի միջանցքում։

Միրզոյանն այսօր ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան և ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքով ընդունված հայտարարություններին։ Այնուամենայնիվ, Երևանը հավատարիմ է տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակին և շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ։

Պրահայում անցյալ հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները Կոլոնան կարևոր քայլ համարեց հատկապես այն պատճառով, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը 91 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. - «Տարածքային ամբողջականության հարգանքը նշանակում է նաև հրաժարվել ցանկացած ուժային գործողություններից, ես դա ասել եմ Բաքվում, կրկնում եմ այստեղ։ Ի պատասխան ադրբեջանական առաջխաղացման, պետք է նշեմ, որ չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգելը և հակառակ պարագայում ևս նույնը կասեինք, եթե դուք առաջխաղացում ունենայիք Ադրբեջանի տարածքում»։

Հակամարտության կարգավորման համար Փարիզը խաղաղ գործընթացից բացի այլ ճանապարհ չի տեսնում և իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին Եվրամիության ու Միացյալ նահանգների իր գործընկերների կողքին, հայտարարեց Կոլոնան։

«Խաղաղության ճանապարհը հնարավոր է և ենթադրում է վճռականություն և համարձակություն»

Արդյո՞ք հնարավոր է Երևանի ու Բաքվի միջև անկեղծ խոսակցություն, երբ Բաքուն օկուպացված է պահում տարածքներ Հայաստանի ինքնիշխան տարածքում, չի վերադարձնում ռազմագերիներին։

«Այդ գործընթացը գոյություն ունի և այն անհրաժեշտ և միակ ճանապարհն է որ հնարավորություն կտա հասնել խաղաղության։ Այդ պատճառով էլ մենք քաջալերում ենք երկու կողմերին հետևել այդ ճանապարհին, աստիճանաբար հասնել վստահության։ Մենք ներկա ենք և պատրաստ ենք աջակցել այս գործընթացին։ Խաղաղության ճանապարհը հնարավոր է և ենթադրում է վճռականություն և համարձակություն», - ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Քիշնևում, համենայն դեպս, ըստ նրա, «միջազգային համայնքը աշխատում է այդ ուղղությամբ»։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ հանդիպումը։

Արդյոք Երևանը դրական է տրամադրված ամերիկյան և եվրոպական միջնորդությամբ բանակցություններին, թե նախընտրում է ռուսականը, ֆրանսիացի լրագրողներից մեկը հարց տվեց Միրզոյանին. - «Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է, և բանակցություններն էլ, ըստ էության, ընթանում են միևնույն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, դրա հիմնադրույթների շուրջ»։

Հայաստանի համար հարցը այդպես դրված չէ՝ բանակցել Բրյուսելում, թե Մոսկվայում, քանի որ բանակցությունների առարկան նույնն է, ավելացրեց Միրզոյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG