Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի վարչապետի հայտարարությունն Արցախի նախագահը ևս անընդունելի է համարում ու Հայաստանի իշխանություններին կոչ անում ձեռնպահ մնալ որևէ նման գործողությունից։
Երեկ ուշ երեկոյան հրապարակված ուղերձում Արայիկ Հարությունյանը շեշտել է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը Ստեփանակերտի համար կարմիր գիծ է. - «Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսևորվել է անկախության և սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անընդունելի և առոչինչ․ Արցախի խորհրդարանն արձագանքում է Հայաստանի վարչապետի հայտարարություններինԱվելի վաղ էլ կոշտ քննադատելով Հայաստանի վարչապետին՝ Արցախի խորհրդարանն էր անընդունելի և առոչինչ համարել Փաշինյանի հայտարարությունը։ Երեկ Արայիկ Հարությունյանը վերահաստատեց արցախցի օրենսդիրների միաձայն ընդունած հայտարարությունը։ Ասաց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը չի կարող անջատ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից ու Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին. - «Ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները բացելու Լաչինի-Քաշաթաղի միջանցքը»։
Արցախի նախագահը իր 20 րոպեանոց ուղերձում դիմեց նաև Ռուսաստանի Դաշնության իշխանություններին ու անձամբ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու բացել Լաչինի միջանցքն ու դադարեցնել Արցախի՝ ավելի քան 5 ամիս տևող շրջափակում. - «Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի Դաշնության շահերի, ինչպես նաև հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության»։
Ստեփանակերտը պատրաստ է միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության համար, սակայն ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, հայտարարեց Հարությունյանը՝ դիմելով Ադրբեջանի իշխանություններին. - «Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից»:
Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ «բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտում ձևավորվում է Արցախի փրկության ճակատԱրցախի նախագահը անդրադարձավ նաև ներքաղաքական խնդիրներին։ Նշեց, որ վերջին օրերին Արցախում կրկին ներքաղաքական լարվածություն առաջացնելու փորձեր են եղել: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն էր մայիսի 15-ին կազմակերպած հանրահավաքում պահանջել իրեն պետնախարար նշանակել ու 100 օր տալ, որպեսզի «չկորցնենք Արցախը»։ Այս հայտարարությանը հաջորդել էր Արցախի ազգային ժողովի նախագահի առաջարկը՝ 1992-ին Արցախում ստեղծված Պաշտպանության կոմիտեի օրինակով կառավարման մոդել ձևավորել։ Արթուր Թովմասյանն ասել էր՝ եթե այդ տարբերակը չաշխատի, ապա նախագահ Հարությունյանը պետք է հրաժարական տա։
Այսօր ո'չ Արթուր Թովմասյանը, ո'չ էլ Սամվել Բաբայանը չարձագանքեցին «Ազատության» հեռախոսազանգերին։
«Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը։Նա վերահաստատեց իր ավելի վաղ արած հայտարարությունը, որ պատրաստ է հրաժարական տալ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպել, որին, վստահեցրեց, ինքը չի մասնակցի: