Գայանե Հակոբյանը կալանավորվեց. նրա աջակիցները նստացույց հայտարարեցին

Վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվեց։ Դատարանն այսօր բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Մեղքը չընդունող որդեկորույս մոր փաստաբաններն այսօր դատական նիստից հետո հայտարարեցին՝ կալանքի որոշումը կբղոքարկեն։

«Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց, որ միջնորդության հիմքերը, կալանքի հիմքերը ամբողջությամբ բացակայում են։ Բոլորի համար դա տեսանելի էր, անգամ ոչ իրավաբանի համար կարող էր տեսանելի լինել, անկողմնակալ դիտորդի համար, որ կալանավորման հիմքերի մասին խոսք գնալ չի կարող», - ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Դատարանի բակում էին 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողներն ու նրանց աջակիցները։ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշման մասին տեղեկանալուց հետո նրանք փակեցին Արշակունյանց պողոտան։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Փաշինյան կրտսերը ցուցմունք է տվել, որ որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել։ Դրանից հետո Աշոտ Փաշինյանն, ըստ իրավապահների, մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։

Գայանե Հակոբյանը, արխիվ

Գայանե Հակոբյանը հերքում է առևանգման մասին պնդումները, ըստ նրա՝ ինքը պարզապես ցանկացել է զրուցել Աշոտ Փաշինյանի հետ։ Հակոբյանի ներկայացուցիչները տարակուսած են՝ ինչու պետք է կրտսեր Փաշինյանը նետվեր մեքենայից, եթե կարող էր հանգիստ դուրս գալ, երբ այն խաչմերուկում կանգնած էր կարմիր լույսի տակ։

«Տանում են, բերդ նստացնեն էդ հերոս կնոջը, շատերը կերազեին, որ Գայանեի նման կին, մայր ունենային», - ասում էր ծնողներից Վահիդ Սահակյանը։

Գայանե Հակոբյանի աջակիցները երթով Արշակունյաց պողոտայից շարժվեցին դեպի Ֆրանսիայի, ապա Ռուսաստանի դեսպանատներ ու դիմեցին այդ երկրի իշխանություններին՝ կարծիք հայտնելու «այս անօրինականությանը»։

«Հայաստանում արդեն դատում են հերոսածիններին։ Մենք ակնկալում ենք ձեր արձագանքը։ Կխնդրենք նաև Ռուսաստանի նախագահին և մյուս երկրների նախագահներին, որպեսզի իրենց դեսպաններին ուղղորդեն այս անօրինականության դեմ, ովքեր իրենց համարում են ժողովրդավարական երկրների ղեկավարներ։ Ռուսաստանի նախագահին, կուզեինք լսել իր արձագանքը, եթե սա լիներ իրենց երկրում, ինքը ո՞նց կնայի սրան», - ասում էին քաղաքացիները։

Երթի մասնակիցներն ի վերջո եկան կառավարության շենքի դիմաց՝ հայտարարելով, որ պատրաստվում են նստացույց անցկացնել Գայանե Հակոբյանի ազատման պահանջով։

Եթե դատարանը մեղավոր ճանաչի Գայանե Հակոբյանին, նրան սպառնում է 4-8 տարվա ազատազրկում։