«Արձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկն իրավունք չունի դրան խառնվել», - այսօր Հաղթանակ զբոսայգում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վերջին շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ Թուրքիայի արտգործնախարարը խոսել է «Նեմեսիս» հուշարձանի մասին՝ երեկ, մասնավորապես հայտարարելով, թե Երևանին Անկարան ասել է`«եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե արձանը չհանեք, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք». Չավուշօղլուն դարձյալ խոսել է «Նեմեսիս»-ի արձանից«Ինչ վերաբերում է արձանի հարցին, դա, բնականաբար, Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերին խառնվելու», - ասաց Գրիգորյանը։
Ավելի վաղ ՝Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելուց հետո, Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հուշարձանի տեղադրումը քաղաքային իշխանության որոշումն է եղել, չի արտահայտել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Իսկ ուրբաթ օրը «Ազատությանը» տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հավելել էր, որ իր կարծիքով, արձանի տեղադրումը «սխալ որոշում էր»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»․ ՓաշինյանՀարցին, թե արդյոք հանուն հայ-թուրքական հարաբերությունների արձանը կապամոնտաժվի, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. - «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում, քաղաքական որոշում չի եղել»։
Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնում են, որ «Նեմեսիս» հուշարձանը քանդելու մտադրություն չունեն։ Մենք հետաքրքրվել էինք, թե հայաստանյան ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելու և Թուրքիայից հնչող պահանջների ֆոնին հնարավո՞ր է, որ արձանն ապամոնտաժվի։
Մինչ այդ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն առաջարկում է Թուրքիայի վերնախավի շատ հայտարարություններ դիտարկել այդ երկրում ընթացող նախընտրական գործընթացի համատեքստում. - «Չմոռանանք, որ ընտրական գործընթացներ են անցնում այդ երկրում, և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից։ Գիտեք, որ ներքաղաքական առումով առավել բարդ շրջան է այդ երկրում, ինչքան էմոցիոնալ են անցնում այդ ընտրությունները։ Եվ պետք է մասամբ նաև այդ տեսանկյունից դիտենք»։
Թուրքիայում նախընտրական պայքարը օր-օրի է թեժանում, քվեարկությունը այս կիրակի է։ Ընտրապայքարին ուշադիր հետևող թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով սակայն, Հայաստանում տեղադրված հուշարձանի թեման ներքաղաքական առումով Թուրքիայում մեծ թեմա չէ. - «Թուրքիայի նախընտրական պայքարում շատ ավելի կարևոր թեմաներ կան, որ հուզում են Թուրքիայի հասարակությանը, և թեժ պայքար է տեղի ունենում այդ թեմաների շուրջ։ Այն թեման չի, որ օգտագործվի իշխանությունների կողմից իրենց դիրքերը ամրապնդելու համար»։
Ի՞նչ խողովակով է Անկարան ուղիղ կապ հաստատել Երևանի հետ, և իսկապե՞ս սպառնալիքներ են հնչել Հայաստանին ուղղված. համենայն դեպս, երեկ Չավուշօղլին ասել էր, թե «դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանեն»։ Հարցի պատասխանը այսօր չհաջողվեց ստանալ։
Թուրքագետի կարծիքով, Հայաստանի հետ դիվանագիտական ու նաև տնտեսական հարաբերություններ չունեցող Անկարան իրականում օդային տարածքը փակելուց հետո մեծ հնարավորություններ չունի ճնշում գործադրելու Երևանի նկատմամբ, կարող է հետ կանգնել սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների առաջ բացելու խոստումից։ Սա նախատեսված էր սկսել ամռանը. - «Ուրիշ բան ես չեմ կարծում։ Եթե իհարկե Ադրբեջանը չներգրավեն։ Ադրբեջանը, իմ ընկալմամբ, փաստորեն կամաց-կամաց կորցնում է իր ինքնուրույնությունը և դառնում է խաղալիք Թուրքիայի ձեռքում։ Կարող են Ադրբեջանին օգտագործել սահմանամերձ շրջաններում որոշակի գործողություններ, պրովոկացիաներ կազմակերպելու առումով»։
Թե արձանի շուրջ ծագած սկանդալից հետո երբ է նախատեսվում հայ և թուրք բանակգնացների հերթական հանդիպումը, հայտնի չէ։ Սակայն այսօր ԱԽ քարտուղարը ճեպազրույցի ընթացքում կրկին հայտարարել է, որ Երևանի մոտեցումը նույնն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։
Անկարան շատ հաճախ հայ-թուրքական հաշտեցումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ու նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման հետ, մի բան, որ պաշտոնական Երևանը բազմիցս մերժել է։