Բլինքենը երկխոսությունն առանցքային է համարում Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն երկրորդ օրն է՝ Վաշինգտոնում քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Դրանք, ըստ ամերիկյան կողմի, մի քանի օր են տևելու։
Վաշինգտոնում Միրզոյանին ու Բայրամովին հյուրընկալած Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանցքային է համարում Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար։ Վաշինգտոնը դա հնարավոր է համարում։
«Մենք կարծում ենք, որ այս երկու երկրների միջև խաղաղություն հնարավոր է, և մենք ուրախ ենք նրանց ընդունելու։ Մենք խաղաղություն և կայունություն ենք ակնկալում այս երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Վաշինգտոնից շեշտում են՝ կարևորում են Երևանի ու Բաքվի ուղիղ շփումներն ու ուրախ են հյուրընկալելու Միրզոյանին ու Բայրամովին՝ աջակցելու խաղաղության բանակցություններին։ Ամերիկյան կողմը Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններից այլ մանրամասներ չի ներկայացնում, թե կոնկրետ ինչ հարցեր են ընդգրկված մի քանի օր տևող բանակցային օրակարգում:
Երեկ Պետքարտուղարության ճեպազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև «Ազատությունը», բանակցություններին ծանոթ դիվանագետներից մեկը հայ-ադրբեջանական քննարկումները «կառուցողական» էր որակել։ Հայկական ու ադրբեջանական կողմերն էլ մանրամասներ չեն ներկայացնում Միրզոյան-Բայրամով բանակցություններից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերԵրևանը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի վաշինգտոնյան բանակցություններից. Եղոյան
Իշխանական պատգամավոր Արման Եղոյանը սահմանափակվեց ընդհանրական ձևակերպումներով։
«Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին, ինչքան հարց կա հնարավոր, չլուծված, և բնականաբար այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար, հայկական կողմն իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց», - ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի վաշինգտոնյան բանակցություններից, ասում է իշխանական պատգամավորը։ Թե մասնավորապես ինչ, Արման Եղոյանը չհստակեցրեց։
Ընդդիմությունը, սակայն, լավատես չէ. տեսակետներ
Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը լավատես չէ։
«Դեռ վաղ է խոսել, բայց այն հայտարարությունները, որ առնվազն հիմա հնչում են, շատ ավելի վտանգի առաջ են կանգնեցնում Արցախը, արցախահայությանը և ընդհանրապես ՀՀ անվտանգությունը», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմությանը վրդովվեցրել է ամերիկյան կողմի հանրայնացրած այն ձևակերպումը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում քննարկվում է նաև «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության հարցը»։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համոզված է՝ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ընթացող բանակցություններում քննարկվում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ նման եզրահանգման է եկել նաև երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ հրապարակումներից հետո։ Մինչդեռ, ըստ նրա, ռուսական առաջարկը այլ բանի մասին էր։
«Հայաստանին առաջարկված էր լուծում, որով Արցախը մնալու էր առնվազն այս նույն կարգավիճակով, միևնույն ժամանակ Եվրոպայի կողմից առաջարկված էր մի լուծում, որտեղ Արցախի մասին հիշատակում չկար։ Հայաստանը հայտարարել է, որ երկուսին էլ կողմ է։ Հիմա մենք ումից ի՞նչ ենք պահանջում, բացի Հայաստանի Հանրապետության կառավարիչներից», - հավելեց Հայկ Մամիջանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանի և Բայրամովի վաշինգտոնյան բանակցությունները մի քանի օր կտևենՀայաստանի իշխանությունից մինչդեռ պարզաբանել էին, որ Ադրբեջանը չի ընդունում ռուսական տարբերակը։
Երեկվա ճեպազրույցում ամերիկացի բարձաստիճան պաշտոնյաներից մեկը առանց հստակեցման ասել էր՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին։
Ավելի ուշ «Ամերիկայի ձայնը» Պետքարտուղարության պարզաբանումից հետո իր հոդվածից հեռացրել էր «երկու երկրներ» բառակապակցությունը՝ թողնելով միայն «էթնիկ փոքրամասնությունները»։ «Ազատությունը» Պետքարտուղարությունից պարզաբանում ստանալու համար հարցում է ուղարկել։ Ճեպազրույցին ներկա մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ ասել էր. - «Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը մի հարց է, որը, Վաշինգտոնի համոզմամբ, շատ կարևոր է հատկապես տարածաշրջանի ապագայի տեսանկյունից, և Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ այս հարցում»։
Բանակցությունները վարվում են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ
Իշխանական պատգամավոր Արման Եղոյանն, ի դեպ, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հաստատեց, որ Երևանն ու Բաքուն բանակցությունները վարում են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը ստացած փաստաթղթի շուրջ՝ առանց հստակեցնելու, սակայն, դա նոր անվանում է, թե ի սկզբան էլ կողմերն այդ անվանումով փաստաթղթի շուրջ են քննարկումներ անցկացրել. - «Հիմա փաստաթուղթն ունի այդ անվանումը …{երբվանից}, դա չեմ կարող ասել, որովհետև դա կնշանակի բովանդակության մասին խոսակցություն»։
Թե կոնկրետ քանի օր կտևեն Միրզոյան-Բայրամով քննարկումները, դեռ չի հստակեցվում, ամերիկացի պաշտոնյաները խոսում են մինչև մեկ շաբաթվա մասին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան ուղիղ ու անկեղծ քննարկումներ ունենալ։