Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովն այսօրվա հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Ըստ հայկական կողմի՝ նրանք անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Ադրբեջանական կողմը իր տարածած հաղորդագրության մեջ միայն նշել է, որ քննարկվել են անվտանգության իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումից հետո Թվիթերում գրել է, որ երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար:
Մինչ այս հանդիպումը Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին քննարկումներ է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Միրզոյանի հետ քննարկումներին ներկա էր նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Հայաստանի միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ կողմերը շատ փակագծեր չեն բացում։
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրները, հայտնել էր՝ Վաշինգտոնը փորձելու է հասնել տարաձայնությունների հաղթահարմանն ու խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը։ Ընդ որում, լրատվամիջոցի տեղեկություններով՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կարող է տևել մի քանի օր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահ առաքելության հրամանատարի հետ հանդիպմանն արցախյան կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», - գրում է «Թուրանը»։
Հայաստանի արտգործնախարարությունից դեռևս չի հաջողվում ճշտել ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդած տեղեկությունները։
Մինչ Վաշինգտոնում սպասվում էր Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը, պաշտոնական Բաքուն հայտարարություն տարածեց, թե անընդունելի է համարում Հայաստանի միջամտությունը «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում անցակետի ստեղծմանը»։
Արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարի հետ։ Բլինքենը մասնավորապես Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը՝ ընդգծելով Լաչինի միջանցքը հնարավորինս արագ վերաբացելու կարևորությունը։
Ըստ Վաշինգտոնի հաղորդագրության՝ Բլինքենը խոստացել է ԱՄՆ շարունակական աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին՝ համոզմունք հայտնելով, որ խաղաղությունը հնարավոր է:
Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ՝ Ալիևը Բլինքենին ասել է, որ «Լաչինում անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր նորմերին համապատասխան»։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե «անցակետի նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ վերահսկողության ապահովումը, և մարդիկ արդեն անցնում են այդ անցակետով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները տեղադրված անցակետում արցախցիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. պետնախարարԲլինքենի հետ հեռախոսազրույցում Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե այս անգամ էլ ՌԴ-ն ակտիվ քայլեր չձեռնարկի, սա ռուսական ներկայության վերջի սկիզբը կարող է լինել տարածաշրջանում․ քաղաքագետԻ՞նչ սպասել արտգործնախարարների հանդիպումից, երբ մի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն է սրվել ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո, մյուս կողմից՝ Բաքուն նոր պահանջներ է դնում հարաբերությունների բարելավման համար։ Այս մասով փորձագիտական դաշտում մեծ ակնկալիքներ չունեն՝ հաշվի առնելով նաև նախորդ նմանատիպ հանդիպումները։
Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր դարձյալ Վաշինգտոնում։
Միրզոյանն ու Բայրամովը պետք է հանդիպեին նաև Ռուսաստանում՝ Մոսկվայի միջնորդությամբ եռաչափ ձևաչափով։ Այդ հանդիպումը, սակայն, անցած տարի դեկտեմբերին չէր կայացել։ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել էր այս հանդիպումից՝ դա պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակ լինելով: Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ կա համաձայնություն Ռուսաստանում անցկացնել Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել էր, որ «կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև պայմանավորվածություններ», բայց հանդիպման ամսաթիվը կհաղորդվի լրացուցիչ։