Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման շուրջ պայմանավորվածությունները միջպետական մակարդակում են ձեռք բերվել և հաջորդիվ բանակցություններն էլ, եթե այդպիսիք կան, միջպետական մակարդակում են տեղի ունենալու, «Ազատության» հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը չէր կարող իրականացվել առանց Կրեմլի հետ համաձայնեցնելու։
Ադրբեջանը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է պահում արդեն ավելի քան 4 ամիս, իսկ մեկ շաբաթ առաջ միջանցքում տեղադրել է անցակետ։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ևս ընդգծում է՝ նման որոշումները քաղաքական մակարդակով են կայացվում, սակայն համաձայն չէ պնդման հետ, թե անցակետի տեղադրումը համաձայնեցված էր Մոսկվայի հետ։
«Կարծում եմ այստեղ գործ ունենք ավելի շատ Ռուսաստանի հնարավորությունների սահմանափակման հետ վերջին շրջանի իրադարձությունների պատճառով, ինչպես նաև Ադրբեջանի հետ ուղիղ կոնֆրոնտացիայի մեջ չմտնելու ցանկության հետ», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ այն շրջափուլը, երբ անվերջ հանդուրժում էին Ադրբեջանի նմանատիպ գործողություններն, արդեն հասել է վերջնակետի։
Ընդգծելով, որ Ադրբեջանի այս քայլն ուղիղ հարված է տարածաշրջանում ողջ անվտանգային ճարտարապետությանը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քաղաքագետը նկատում է՝ եթե այս անգամ ևս Ռուսաստանը հանդուրժի և ակտիվ քայլեր չձեռնարկի, ապա սա ռուսական ռազմական և քաղաքական ներկայության վերջի սկիզբը կարող է լինել տարածաշրջանում։
«Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը, կամ ընդհանրապես հայկական Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ապա ընդհանրապես ինչին է Ռուսաստանը պետք Հայաստանի», - ասաց քաղաքագետը։
Գրիգորյանի համոզմամբ, Ադրբեջանի ռազմավարական նպատակը ռուս խաղաղապահ առաքելության դուրսբերումն է Արցախից և հասնում է այդ նպատակի իրականացմանը։
«Ադրբեջանի նպատակը միջազգային որևէ ներկայությունն ու ներգրավվածությունը բացառելն է Լեռնային Ղարաբաղում, և եթե մենք մտածում են, որ միջազգային հանրությունն այնքան հետաքրքրվածություն ունի, կամ այնքան քաղաքական կամք ունի, որ Ադրբեջանին այս հարցում որոշումներ պարտադրի, կարծում եմ, սխալվում ենք», - եզրափակեց քաղաքագետը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․