«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթողի տեղադրման որոշումը կայացրել է Երևանի ավագանին։
Ապրիլի 25-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից բացված հուշակոթող-աղբյուրի տեղադրման որոշումն, ըստ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի, կայացվել է չորս տարի առաջ։
«Նեմեսիս» հուշակոթողի միջնորդություն-առաջարկով հանդես են եկել ցեղասպանության վրիժառուների ժառանգները։ 2019 թվականին Երևանի ավագանին, միաձայն որոշմամբ, ընդունել է որոշում, ըստ որի, պիտի հուշարձանը տեղադրվի և հուշարձանը տեղադրվեց, ըստ էության», - «Ազատությանն» ասաց Սարդարյանը։
«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը, ըստ նախաձեռնության հեղինակների, հավերժացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը: Հուշարձանի տեղադրումը պաշտոնապես դատապարտել են Բաքուն և Անկարան։
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «այդ քայլն անհամատեղելի է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի ոգու հետ, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: Ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենան նորմալացման գործընթացի վրա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան դատապարտում է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթողի տեղադրումըՀայաստանի արտգործնախարարությունից Անկարայի այս հայտարարությանը դեռ պատասխան չկա։
Արդյո՞ք հուշարձանի տեղադրումը համաձայնեցվել է Կառավարության կամ Արտաքին գործերի նախարարության հետ։ Ըստ Սարդարյանի՝ սովորաբար նման որոշումները համաձայնեցվում են։
«Սովորաբար նման դեպքերում, բնականաբար, ներքին քննարկումներ լինում են։ Ենթադրում եմ, որ 2019-ին նման քննարկումներ նույնպես եղել են, և գրեթե վստահ եմ, որ քննարկումների պարագայում, Արտաքին գործերի նախարարությունը և Կառավարությունն, ընդհանուր առմամբ, հավանություն են տվել նախագծին», - ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետը։
Ճշտող հարցին, թե առանց այս հավանության, ավագանին չէր կարո՞ղ որոշում կայացնել, Սարդարյանը պատասխանեց․ - «Ըստ էության, կարող էր, որովհետև Երևանը համայնք է, և Երևանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի։ Սակայն, այս դեպքում, ենթադրում եմ, որ խորհրդակցություններ եղել են, ենթադրում եմ, որ խորհրդակցությունների արդյունքում թե՛ արտաքին գերատեսչությունը, թե՛ Կառավարությունն առարկություններ չեն ունեցել և չունեն մինչ այս պահը, որովհետև հուշարձանը բացվեց արդեն»։
Իսկ իր ենթադրություններն, ըստ Սարդարյանի, հիմնված են նրա վրա, որ հուշարձանը բացվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դատապարտել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացումը Երևանում