Մատչելիության հղումներ

Երևանում կեսգիշերին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը


Ապրիլի 23-ի լույս 24-ին՝ կեսգիշերին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը՝ ի հիշատակ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության սրբադասված 1,5 միլիոն զոհերի։ Մոցարտի մեծագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ռեքվիեմ»-ը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» և Երևանի պետական կամերային երգչախմբերի, նաև արտասահմանից հրավիրված մենակատարների մասնակցությամբ՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

«Մենք ամեն տարի անում են այսպիսի համերգներ, որոնք նվիրված են Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս անգամ հրավիրված են մի շարք կարևոր մեկանակատարներ Եվրոպայից, մասնակցում են են նաև շատ տաղանդավոր հայ երիտասարդ երգիչներ, և մենք պետք է բոլորս հիշենք, որ հայ ազգը պիտի շարունակի ապրել այդպիսի ճանապարհով՝ վերածնունդից դեպի հաղթանակ, ոչ թե միայն հիշատակելով այդ ահավոր էջը մեր պատմությունից», - նշեց «Ազատության» հետ զրույցում այսօր փորձից առաջ ընդգծեց նվագախմբի գլխվոր պրոդյուսեր Արման Պադարյանը։

Վաղը կեսգիշերին հնչելիք Մոցարտի «Ռեքվիեմ»-ի կատարմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել Շվեդիայից Էլիզաբեթ Մայերը (սոպրանո), Գերմանիայից Անդրե Մորշը (բաս) և ուրիշներ, որպես մենակատարներ Հայաստանից մասնակցում են Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո) և Տիգրան Մելքոնյանը (տենոր)։ Համերգը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մաեստրո Էդվարդ Թոփչյանը շեշտեց՝ վերջին երկու տարիներին իրենք այս «Ռեքվիեմ»-ը կատարել են ճիշտ կեսգիշերին Ծիծեռնակաբերդում գտնվող Եղեռնի զոհերի հուշահամալիրում։ Այս տարի որոշեցին այն կատարել իրենց համերգասրահում՝ կրկին կեսգիշերին։

«Մոցարտի «Ռեքվիեմ»-ը մեծ արվեստի մի գլուխգործոց է և մյուս կողմից աղոթք է։ Մենք այդ տրադիցիան դեռ շատ վաղուց ունենք, դեռ մաեստրո Լորիս Ճգնավորյանը ամեն տարի նվագել է ապրիլի 24-ին, մենք էլ ենք նվագում, և իրոք մենք մեր պարտքը, մեր աղոթքը կկարողանանք նույնպես հասցնել մեր զոհվածների հիշատակին։

Ցեղասպանությունից անցել է արդեն 108 տարի, բայց մենք ուրախանում ենք, երբ ինչ-որ մի ցիվիլ երկիր նույնպես ճանաչում է մեր Ցեղասպանությունը, այսինքն՝ անարդարդություն, անարդարություն, անարդարություն, և պատճառը հենց դրա մեջ է. եթե, օրինակ, 44-օրյա պատերազմին աշխարհը կանգներ մեր կողքին, գուցե ուրիշ պատերազմներ չլինեին։ Եվ այս ամեն ինչն, անշուշտ, նպաստում է, որ աշխարհն այսպիսի կեղտոտ և ագրեսիվ լինի։ Մենք ուղղակի խաղաղություն ենք տենչում, այն էլ այս օրը։

Մենք արնախում ժողովուրդ չենք, մի բան է մեզ պետք, որ այս հողի վրա լինի խաղաղություն, ուրիշ բան ես չեմ տեսնում։ Պիտի մենք փորձենք խաղաղություն ունենալ և զարգանալ», - ասաց նա։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը տարակուսում է, որ անգամ այսպիսի ձեռքբերումներ ունենալով՝ մարդը շարունակում է նույն արյունոտ ճանապարհը անցնել, որով անցել է հազարամյակներ շարունակ ու դեռ կանգ չի առնում։

«Նոր դարեր եկավ, նոր ժամանակներ եկավ, արդեն տիեզերքն էլ գրավեցին։ Ամեն անհնարին հանճարեղ ստեղծագործություններ են մարդիկ կերտում, ու քեզ թվում է, թե ցիվիլիզացվեցին և վերջ, արդեն հասկանում են, որ … ու պատմությունը ցույց է տալիս, որ երբեք ոճրագործությունները չեն պակասում և չեն վերանում ոչ մի դարում, և ընդհուպ մինչև այսօր ամբողջ աշխարհն ահավոր իրարացման մեջ է՝ պատերազմներ, կռիվներ, անթիվ քանակությամբ մարդիկ են կորցնում իրենց կյանքը։ Այդքան բաներ կարողանալուց, հասկանալուց և ստեղծելուց հետո չեն հասկանում, որ ամենակարևորը մարդու կյանքն է, և ոչինչ չպիտի դրան սպառնա։ Ես՝ որպես երաժիշտ և մարդ, որ ցանկանում եմ, որ միշտ խաղաղություն լինի, միշտ բարին հաղթի, մարդիկ իրար նեցուկ կանգնեն և օգնեն, միշտ հույս ունեմ, որ ինչ-որ մի օր այս ամեն ինչը պետք է դադարի», - նշեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG