Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա իր ուղերձում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.

«Ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար: Հայոց ցեղասպանության պատճառների մասին հարյուրավոր ու հազարավոր աշխատություններ են գրվել, ի հայտ են բերվել բազմաթիվ պատճառներ և շարժառիթներ: Ինչ վերաբերում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից:

Պետությունը, միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ:

Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով»:

«Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն», - ասված է Փաշինյանի ուղերձում, որ հրապարակել է վարչապետի աշխատակազմի լրատվականը:

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղերձում, որ հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է.

«Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանությունից փրկված հայորդյաց նոր կյանքի վերընձյուղումով։

Այսօր Հայաստանում ու Արցախում և ի սփյուռս աշխարհի, ազգովի համախմբված եկեղեցիներում, հուշակոթողների առջև, աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի միաբան ու աննկուն կամքով կարողանանք դիմագրավել արհավիրքներին ու սպառնալիքներին, պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը»։

Աշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը՝ հանուն զարգացման ու առաջընթացի, հանուն նոր աշխարհի նոր քաղաքացու, իր ուղերձում, մասնավորապես, ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը

«Այսօր էլ մեր երկրին պատուհասած վտանգի ու հայաթափման քաղաքականության ականատեսն ենք, երբ դաժանաբար փորձում են ջնջել հայկական հետքը, վերացնել մեր մշակույթը: Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ», - ասել է Սիմոնյանը։

Հայաստանի վարչապետ նախագահ Վահագն Խաչատուրյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ գործադրված ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ` երեկ Երևանում ջահերով երթ անցկացվեց:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG