Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց Հայաստանի ու Արցախի իշխանություններն ահազանգում են նոր ցեղասպանության վտանգի մասին։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղի հայերը։
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում», - ասված է հայտարարությունում:
Արցախը ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև է, իր ուղերձում հայտարարում է Արցախի նախագահը։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար:
«Այսօր քան երբևէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝ կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները», - նշել է Արցախի նախագահը։
Հարությունյանը հիշեցրել է, որ արդեն 134 օր է Արցախի 120 հազար խաղաղ բնակիչներ շրջափակման մեջ են, Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ուղերձում ընդգծել է՝ միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել հայ ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը։ Դրան հասնելու միակ ճանապարհը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է, հայտարարել է Փաշինյանը, վերստին շեշտելով, որ իր կառավարությունը պատրաստ է դրան։
«Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով: Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն», - նշել է Փաշինյանը:
Վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու այլ պաշտոնյաներ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս տարի էլ, ինչպես պատերազմից հետո, պաշտոնյաներից անջատ եկավ, խոսեց շրջափակված Արցախի մասին։ «Ադրբեջանը նպատակ ունի հայաթափել Արցախն ու իր տիրանալ նրան», - պնդեց Գարեգին Երկրորդը։
«Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը, մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով ազգիս և միջազգային հանրության զորակցութամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը», - հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունքում են նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրացի դեսպանները։
Ժամեր առաջ էլ Սպիտակ տունը հրապարակեց Միացյալ Նահանգների առաջնորդի՝ 1915 թվականի իրադարձություններին նվիրված ուղերձը։ Նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ Ջո Բայդենը կատարվածը ցեղասպանություն է որակել։
«Աշխարհի տարբեր երկրների հետ միասին հիշատակի տուրք մատուցելով այս ցավալի պատմությանը, մենք նաև ընդգծում ենք այն տոկունությունն ու վճռականությունը, որ ցուցաբերել է հայ ժողովուրդը։ Վերապրածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Թե՛ այստեղ, թե՛ ողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսն է հակադրել ատելությանը», - հայտարարել է Բայդենը։
Նախորդ տարիներին՝ ապրիլի 24-ի կապակցությամբ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր ցավակցական նամակներ հղում տեղի հայ համայնքին՝ խոսելով ընդհանուր ցավի ու հարկադրված տեղահանությունների մասին։ Այս տարի Էրդողանի կողմից հայտարարության կամ նամակի մասին դեռ չի հաղորդվել։ Փոխարենը արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն է հակադարձել Միացյալ Նահանգների առաջնորդ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։
«Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ», - Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով, թե՝ «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը»։
«Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որևէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ», - գրել է Չավուշօղլուն։
Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ` երեկ էլ Երևանում ջահերով երթ է անցկացվել: