Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը», - հայտարարել է Բայդենը՝ այդպիսով դառնալով Ամերիկայի առաջին նախագահը, որը 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի սպանություններն անվանեց Ցեղասպանություն։
«1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում», - հայտարարել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը՝ դառնալով նաև Սպիտակ տան առաջին և միակ ղեկավարը, որը կատարեց 106 տարի առաջ Ցեղասպանությունից փրկվածների սերունդներին տրված խոստումը՝ նախագահ դառնալու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մարդու իրավունքները դարձնել իր վարչակազմի առաջնահերթությունը։
«Վերապրածներից շատերը ստիպված եղան նոր տներ և նոր կյանք գտնել աշխարհով մեկ՝ այդ թվում Միացյալ Նահանգներում: Ուժով և տոկունությամբ՝ հայ ժողովուրդը վերապրեց և վերստին կառուցեց իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անհաշիվ եղանակներով, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը բերեց նրանց նախնիներից այնքան շատերին դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի», - շեշտում է ԱՄՆ նախագահն իր ուղերձում:
«Այսօր, երբ մենք ողբում ենք մեր կորուստները, եկեք մեր հայացքը հառենք ապագային և պատկերացնենք այն աշխարհը, որն ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար։ Մի աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր ժողովուրդները կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ կյանքով։ Եկեք վերահաստատենք ապագայում վայրագությունները կանխելու մեր հաստատակամությունը՝ աշխարհի որ անկյունում էլ լինի։ Եվ եկեք հասնենք աշխարհի բոլոր ժողովուրդների հաշտեցմանն ու ցավերի ամոքմանը։
Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել 106 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը՝ նույն ուղերձում երկրորդ անգամ օգտագործելով Ցեղասպանություն եզրույթը։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2019 թվականի դեկտեմբերին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: