Լրացավ Արցախի շրջափակման 4-րդ ամիսը

Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը բացելու պահանջով բողոքի ցույց ՄԱԿ-ի երևանյանի գրասենյակի մոտ։ 22-ը դեկտեմբերի, 2022 թ.

Դեկտեմբերի 12-ից էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ առաջ քաշելով բնապահպանական պահանջները, թե Արցախի հանքավայրերը ապօրինի են շահագործվում։ Թեև Լեռնային Ղարաբաղի կառավարությունը դեռ դեկտեմբերի վերջին որոշեց փակել ամենաշատ հարկային եկումուտներն ապահովող Կաշենի հանքավայրը, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն էլ պարտավորեցրեց բացել միջանցքը, բայց ադրբեջանցիները այդպես էլ չհեռացան Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

«Խեղճացած չենք», - այսօր «Ազատությանն» ասաց Իվանյանի բնակիչ Արմինե Մաթևոսյանը։ Չորս երեխաների մորը սուղ պայմանները չեն վախեցնում. - «Մինչև վերջին արյան կաթիլը մենք լինելու ենք Արցախում։ Մեզ ո'չ սովն ա խանգարելու, ո'չ չքավորություն, ո'չ չունևորություն։ Էնպես չի էղել, որ մենք էնքան մենք վատ վիճակում ենք էղել, որ տրտնջանք։ Մի պահ ա եղել հունվարի կեսերին, որ մի փոքր շատ էր սղությունը երևում, հետո միանգամից արդեն ամեն ինչը ընկավ իր տեղը։ Չնայած թանկություն ա շատ»։

Շրջափակման ընթացքում պաշտոնական Բաքուն սկսեց խոսել Արցախի վերաինտեգրման մասին, այդ նպատակով նույնիսկ հայերի հետ շփումների պատասխանատու նշանակեց։ Ստեփանակերտը անընդունելի է համարում վերաինտեգրման Բաքվի առաջարկը՝ հայտարարելով, թե քաղաքական հարցեր կքննարկեն միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակներում, այն դեպքում, եթե Արցախը հանդես գա որպես բանակցությունների լիիրավ կողմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստեփանակերտը հանդիպման առաջարկ է փոխանցել ԲաքվինԲաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան ԱբրահամյանԲայրամով․ «Բաքուն հաստատակամ է վերաինտեգրացիայի հարցում»Քաղաքական հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում․ Ստեփանակերտը՝ Բաքվին

«Դա էնթիկ զտման օրակարգ է։ Եվ էդ վերաինտեգրում, ինտեգրում... էդ բառերը, որ իրենք դրել են շրջանառության մեջ, ըստ էության ոչ վերաինտեգրում է, ոչ էլ ինտեգրում։ Դա բռնակցում է, սովորական բռնակցում են փորձում իրականացնել», - ասում է Արցախի խորհրդարանի իշխանական պատգամավոր Արթուր Հարությունյանը։

Նա հիշեցնում է, որ շրջափակման օղակն է'լ ավելի սեղմվեց, երբ ադրբեջանական ուժերը մարտի 25-ին գրավեցին Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքը։ Այս առաջխաղացումից հետո այդ այլընտրանքային գրունտային ճանապարհն էլ դադարեց գործել։

Եթե իսկապես Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելուն, նախ պետք է վերացնի շրջափակումը, ընդգծում էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը. - «Ամբողջությամբ էն կետերը, որոնք որ պարտավորվածություն ունի Ադրբեջանը կատարելու, չի կատարվում, և օրեցօր մենք տեսնում ենք սադրանքներ, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ իրականացվող էդ սադրանքները։ Նաև մենք տեսանք մարտի 5-ի դիվերսիոն-ահաբեկչական ակտը, և մարտի 25-ին... Այսինքն՝ շարունակում է անպատիժ մնալով՝ նաև միջազգային հանրությունը չարձագանքելով և առարկայական որևէ գործիքակազմ չկիրառելով, Ադրբեջանը ըստ էության շարունակում է էդ խախտումների իր քաղաքականությունը»։

Մինչ Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչներին հրավիրում է Բաքու՝ քննարկելու վերաինտեգրացիան, երեկ Ստեփանակերտը Բաքվին առաջարկեց ևս մեկ հանդիպում անցկացնել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում՝ հումանիտար հարցեր քննարկելու։

Արցախցի պատգամավորի փոխանցմամբ՝ դեռ սպասում են Բաքվի պատասխանին. - «Որևէ արձագանք էս պահին չկա»։

Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը քննադատում է իշխանություններին՝ ինչպե՞ս կարող էին հանդիպելու առաջարկ անել մի երկրի, որը շարունակում է վարել էթնիկ զտման քաղաքականություն, խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքները, կրակ է բացում ու սպանում ոստիկաններին. - «Հումանիտար աղետի են հասցրել Արցախը։ Էնպես որ, դա չի կարող ինտեգրում, առավել ևս ռեինտեգրացիայի մասին խոսք լինել։ Դա հորինված բառ է, էդպիսի բան չի կարող լինել, որովհետև Արցախը երբևէ ինտեգրված չի էլ եղել Ադրբեջանին»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, խանութները դատարկ են, կտրոնով կարող ես մի քանի ապրանք գնել, չկա բանջարեղեն, միրգ, վերջանում է տեղական միսը։ Արցախում վերջին շաբաթներին դարձյալ գազ չկա, շարունակվում են հովհարային անջատումները։

Մինչ Արցախի բնակիչները ստիպված են հերթագրվել և շաբաթներով սպասել հայրենիք վերադառնալու իրենց հերթին, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներն էլ միայն Կարմիր խաչի մեքենաներով են տեղափոխվում Հայաստան՝ Բաքուն հերքում է, թե միջանցքը փակ է՝ մատնացույց անելով նույն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների երթևեկությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այսօր հրապարակված զեկույցի համաձայն, տնտեսությանը հասցվել է շուրջ 230 մլն դոլարի վնաս, շրջափակման հետևանքով տուն չի կարողացել վերադառնալ մոտ 4 հազար մարդ, այդ թվում՝ 570 երեխա, ավելի քան 1000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից, աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է ավելի քան 10 հազար մարդ։ Այս ամենն ունի էթնիկ զտման նպատակ՝ ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանը։