Մատչելիության հղումներ

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները


Ադրբեջանցի զինծառայողները արգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ
Ադրբեջանցի զինծառայողները արգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ

«Ադրբեջանում փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են մեր Սահմանադրությամբ։ Ուստի վստահ եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավ է լինելու, քան օկուպացիայի ժամանակ». - 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս մասին մի քանի անգամ հայտարարել, երբեք, սակայն, չի հստակեցրել՝ ի՞նչ իրավունքներ են հայերի համար նախատեսված մի երկրում, որ աշխարհում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության առումով ետնապահներից մեկն է, իշխանությունը տասնամյակներով գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, ընդդիմախոսներն էլ բանտարկվում, խոշտանգումների են ենթարկվում։ Ընդ որում, հայերին ինտեգրելու հարցում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները, որոնք իրենց մաշկի վրա են զգացել գործող վարչակազմի բռնությունները:

«Պետք է երկխոսել, քանի դեռ թնդանոթները լուռ են»

Ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով 2014 թվականին պետական դավաճանության, հայերի օգտին լրտեսելու մեղադրանքով բանտարկվել, ապա միջազգային ճնշման արդյունքում երկու տարի անց ազատ է արձակվել, վստահ է՝ Ալիևի ռեժիմի և Ստեփանակերտի միջև պետք է երկխոսություն սկսվի` «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում» տրամաբանության շրջանակում»: Դրանից հետո, ըստ Միրկադիրովի հնարավոր կլինի հասնել փոխշահավետ պայմանավորվածությունների, այդ թվում՝ որոշ իրավունքների ապահովման հարցով: Միայն թե ինքն անձամբ խուսափում է պատասխանատավություն ստանձնել և կոչ անել, որ հայերը հավատան իր նախագահի խոստումներին:

«Պետք է երկխոսություն սկսել և այդ երկխոսության ընթացքում հասնել փոխընդունելի որոշումների ու դրանց իրականացման մեխանիզմների։ Ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն, այն պարզ պատճառով , որ երկու ժողովուրդներն ունեն ազգային ընդհանուր գծեր, որոնք հնարավորություն են տալիս համատեղ ապրել», - հայտարարում է ադրբեջանցի լրագրողը:

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հարցազրույց է տալիս «Ազատության» ադրբեջանական ծառայությանը, արխիվ
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հարցազրույց է տալիս «Ազատության» ադրբեջանական ծառայությանը, արխիվ

Միրկադիրովն ադրբեջանական բանտից ազատ արձակվելուց հետո ընտանիքի հետ քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում, որտեղ էլ բնակվում է այս պահին։ Ինքը Ադրբեջանում ապրելուց հրաժարվել, բայց վստահորեն կրկնում է Ալիևի միտքը՝ հայերն Ադրբեջանի կազմում շատ ավելի լավ կապրեն: Որպես փաստարկ` վտարանդի լրագրողը մատնանշում է հեռվում թողած հայրենիքի հարուստ ռեսուրսները։ Բացի տնտեսական օգուտներից, Միրկադիրովի համոզմամբ, հայերը նաև սեփական անվտանգության հարցը կլուծեն Բաքվի ենթակայության տակ: «Այնպես որ, Ղարաբաղի հայերը լավ կանեն օր առաջ պայմանավորվեն Ալիևի վարչակազմի հետ», - խորհուրդ է տալիս ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալը։

«Ես այն ժամանակ էլ էի ասում՝ պետք է երկխոսել, քանի դեռ թնդանոթները լուռ են, մարդիկ պետք է խոսեն իրար հետ։ Հայկական կողմի համար այսօր շատ կարևոր է ինչ-որ հստակ անվտանգության երաշխիքներ ստանալ, ոչ միայն երաշխիքներ, այլև դրանց իրագործման մեխանիզմներ։ Ադրբեջանական կողմը պետք է ավելի հաճախ և ավելի հստակ խոսի այն օգուտների մասին, որոնք կարող է ստանալ հայազգի բնակչությունը։ Ինչ էլ որ ասեն, Ադրբեջանում կենսամակարդակը, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր են», - պնդում է Միրկադիրովը:

«Ժողովրդավարությունը, իրավունքները կարևոր են, բայց ոչ առաջնային»՝ Ղարաբաղի հարցում

«Ազատության» դիտարկմանը, թե Արցախում ապրող հայերը մերժում են ենթարկվել աշխարհի ամենաանազատ երկրներից մեկի վարչակազմին, լրագրող Միրկադիրովն արձագանքել է՝ ժողովրդավարությունը, քաղաքացիական ազատությունները, իրավունքները կարևոր են, բայց ոչ առաջնային` Ղարաբաղի հարցի լուծման համատեքստում։

«Եթե մարդիկ չկարողանան նորմալ ապրել այդ տարածքներում, չկարողանան իրենք իրենց անվտանգ զգալ, կկարողանա՞ն արդյոք խոսել մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին։ Անվտանգության երաշխիքն է կյանքի իրավունքը, այս կամ այն տարածքում ապրելու իրավունքը», - պարզաբանում է ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալը:​

Ջաֆարլին կրկնում է Ալիևի խոսքերը, ում դեմ պայքարել է տարիներ ի վեր

Ադրբեջանցի ընդդիմադիր Նաթիգ Ջաֆարլին հարցազրույց է տալիս «Ազատության» ադրբեջանական ծառայությանը, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր Նաթիգ Ջաֆարլին հարցազրույց է տալիս «Ազատության» ադրբեջանական ծառայությանը, արխիվ

Ընդդիմադիր մեկ այլ գործիչ՝ Նաթիգ Ջաֆարլին, նույնպես խնդրի լուծումը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում է տեսնում: Չնայած քաղաքական դաշտում տարիներ ի վեր պայքարել է Ալիևի դեմ, սակայն նրա խոսքերն է կրկնում` հայերը պետք է ինտեգրվեն: Այս հարցում իշխանությանը քննադատում է մեկ բանի համար, որ մինչև հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, «ղարաբաղցիներին ինտեգրելու հստակ պլան չի հրապարակել»։

«Ղարաբաղի հայ համայնքը պետք է իմանա՝ ի՞նչ է ընդհանրապես ապագայում սպասվում, ինչպե՞ս է Ադրբեջանի կառավարությունը տեսնում ապագան ընդհանուր առմամբ։ Այս ճանապարհային քարտեզը չկա, թեև մենք անընդհատ կոչ էինք անում, հորդորում էինք ավելի վստահելի հարաբերություններ կառուցել, որպեսզի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովվի բացառապես խաղաղ բանակցություններով: Արդեն շատ արյուն է թափվել մեր հողի վրա, պետք է վերջ տալ տասնամյակներ ձգվող առճակատումներին, այդ ամենը ոչ մի լավ բանի չի բերի», - ասում է ադրբեջանցի ընդդիմադիրը:

«Միակ զիջումը, որին կարող է գնալ Ալիևի վարչակազմը, սահմանադրական փոփոխություններ են ՏԻՄ ոլորտում»

Ջաֆարլին «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում պնդեց` իր տեղեկություններով, այս պահին միակ զիջումը, որին կարող է գնալ Ալիևի վարչակազմը, սահմանադրական փոփոխություններ են ՏԻՄ ոլորտում: Այդ մասին նա լսել է կուլիսներում, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ հրապարակային դաշտում կեսբերան շրջանառվող զրույցներից: Դրանց համաձայն` Ալիևը պատրաստ է տեղական ինքնակառավարման որոշ նշանակովի պաշտոններ դարձնել ընտրովի և որոշակի լիազորություններ շնորհել շրջանների ընտրված ղեկավարներին։ Թե կոնկրետ ինչ լիազորություններ, ընդդիմաիդր գործիչը չգիտի, բայց վստահ է` Ալիևի վարչակազմը սեփական ցանկությամբ նման բանի չէր գնա:​

«Բնականաբար, չլիներ նման իրավիճակ, մեր կառավարությունը երբեք չէր էլ մտածի համակարգային բարեփոխումների մասին։ Բայց հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ և՛ միջազգային գործընկերները, և՛ երկրի ներսում, և՛ ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական հասարակությունը հարց են տալիս՝ ի՞նչ իրավունքներ, ի՞նչ ազատություններ են ընդլայնվելու, ի՞նչ է նշանակում Սահմանադրության շրջանակում Ղարաբաղի հայերի և առհասարակ Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովում։ Այս հարցերին պետք է պատասխաններ տրվեն։ Փակել թեման կամ ձգձգել գործընթացը արդեն հնարավոր չէ», - նշում է Նաթիգ Ջաֆարլին:

Առայժմ Ադրբեջանում որևէ քաղաքական ուժ կամ ընդդիմադիր գործիչ չի դատապարտել Լաչինի միջանցքը փակած ակտիվիստներին, որոնք, ըստ մի շարք աղբյուրների, սերտ կապեր ունեն Ալիևի վարչակազմի հետ: Չնայած արևմտյան երկրների հորդորներին ու միջազգային դատարանի որոշմանը` որևէ ուժ չի հորդորել վերացնել շրջափակումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը մոտ չորս ամիս է զրկված են տարրական իրավունքներից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG