Ադրբեջանցիները ներխուժել են արցախցիներին տեղափոխող մեքենան
Շուրջ 5 ժամ 3 տասնյակ արցախցիներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, երեկ արգելափակված են եղել Շուշի- Ստեփանակերտ հատվածում։ Չնայած նախնական պայմանավորվածությանը, էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները թույլ չեն տվել, որ արցախցիներին տեղափոխող մեքենաները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ ուղևորվեն։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։
«Մեր աղջիկները վատացան, մեկը կոմայի մեջ ընկավ, շաքարը բարձրացավ», - պատմեց Ստեփանակերտի բնակիչ Կարինե Աղաջանյանը:
Ժամեր շարունակ արգելափակման մեջ անցկացրած, ապա ուշ գիշեր Գորիս վերադարձած Կարինե Աղաջանյանը պատմեց, որ ստիպված են համաձայնել ուշաթափված կանանց ադրբեջանական շտապօգնության մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտ։
«Ռուսները ուզեցին իրանց մեքենաներով տանեն Ստեփանակերտ, ազերիները թույլ չտվեցին: Դրանից հետո իրանք եկան, իբր, օգնության, բայց իրանց պատճառով եղավ էդ միջադեպը, մեր աղջիկները իրանց պատճառով վատացան: Երկու հոգին՝ ռուսների մեքենաներով, մի հոգին վատ էր, կոմայի մեջ՝ իրանց սկորիով, որովհետև իրանք թույլ չէին տալիս, որ մենք տանեինք հիվանդներին, ռուսները անցկացնեին, դրա համար մենք համաձայնեցինք, որ պիտի իրանք տանեին, բայց տենց չի, որ իրանք են ցուցաբերել ինչ-որ օգնություն, իրանց պատճառով ա եղել էդ միջադեպը», - պատմեց Ստեփանակերտի բնակիչը:
Տելեգրամյան ալիքներում տարածված կադրերից երևում է, որ դեպքի վայր են ժամանում ադրբեջանական շտապօգնության մեքենաներ։ Թեև պաշտոնական Ստեփանակերտը չի նշում, որ ուշաթափված քաղաքացիներին ադրբեջանական շտապօգնության մեքենաներն են Ստեփանակերտ տեղափոխել, ադրբեջանական կողմն անցած գիշեր հաղորդեց, թե ռուսաստանցի խաղաղապահներն են դիմել «Ղարաբաղի հայ բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու համար»։ Ըստ Ադրբեջանի՝ Շուշիի շտապօգնության բրիգադն է կանանց հասցրել Ստեփանակերտի հիվանդանոց։
Ադրբեջանական կողմը ցանկացել է հիվանդներին Շուշի տանել
Ինչո՞ւ էին արցախցի կանանց ադրբեջանական շտապօգնության մեքենայով տեղափոխում։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ասում է, թե չի կարող հաստատել՝ ադրբեջանական կողմին ռուսներն են դիմել, թե՝ ոչ։ Տեղանքը շատ մոտ է Շուշիին, հավանաբար այնտեղից են շտապօգնության մեքենաները ժամանել։ Ամեն դեպքում այդ փաստը, ըստ Գեղամ Ստեփանյանի, լուրջ անհանգստություն է առաջացրել արգելափակման մեջ գտնվող արցախցիների շրջանում, առավել ևս, որ ադրբեջանական կողմը ցանկացել է հիվանդներին Շուշի տանել։
Գորիս վերադարձած 37-ամյա Էրիկ Բաղրյանը հաստատեց սա՝ պատմելով, թե ինչպես են ընդդիմացել հիվանդներին Շուշի տանելու ադրբեջանցիների մտադրությունը։
«Մեզ առաջարկում էին հիվանդներին տեղափոխելու շուշի, ես չհամաձայնվեցի, ասացի՝ եթե հիվանդներին տեղափոխեք Շուշի, ստեղից չենք գնալու, եկանք ընդհանուր պայմանավորվածության, որ իրանք հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ, մենք հետ դառնանք», - պատմեց Բաղրյանը:
Կարինե Աղաջանյանի խոսքով՝ իրավիճակը լարված էր, սպասման ընթացքում քաղաքացիական հագուստով մի ադրբեջանցի ներխուժել է իրենց մեքենան, անձնագիր պահանջել, մի կնոջ անձնագիրը նայել, լուսանկարել են մեքենայում գտնվողների անվանացուցակը, որից հետո արդեն ռուսները միջամտել են:
«Իրանցից մեկը ներխուժեց մեր մեքենան ու ռուսերենով ասաց՝ "не бойтесь, не бойтесь", բայց ի՞նչ կա տեղ վախենալու, դուք ո՞վ եք, որ պիտի մենք վախենանք, դուք ո՞վ դառաք, որ հայը ձեզանից վախենա, մենք չենք վախեցել, ոչ մեկն էլ, անգամ մեզ հետ երեխա էլ կար, վախ չկար մեր մեջ», - նշեց Ստեփանակերտի բնակիչը:
Ի տարբերություն Կարինեի՝ 75-ամյա Վարդիթեր Վերդյանը շատ էր վախեցել, հատկապես երբ Քարին տակի հատվածում տեսել է զինված ադրբեջանցիներին, մտածել է, որ այլևս վերջ՝ հարազատներին չի տեսնի, թոռան նշանդրեքին էլ չի մասնակցի։
«Տպավորություն է, որ ճանապարհը միակողմանի է»
Ի վերջո, 4 վատառողջ քաղաքացիներին Ստեփանակերտ տեղափոխելուց հետո, մնացած 23 արցախցիները ստիպված վերադարձել են Գորիս։ Ըստ օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի, այս պահին Գորիսի հյուրանոցներում Արցախի 120 քաղաքացիներ սպասում են հայրենիք վերադառնալու հերթական հնարավորությանը։
Երեկ այդպես էլ Ստեփանակերտ չհասած Կարինե Աղաջանյանն, օրինակ, մեկ ամիս Երևանում էր սպասել հնարավոր վերադարձին, ևս մեկ ամիս՝ Գորիսում. - «Անգամ երեկ ավտոբուսի մեջ ասում էի, կանայք, պատկերացնո՞ւմ եք, մենք գնալու ենք մեր հողը շոշափենք, մենակ երեխաներին չեն կարոտել, անգամ մեր հողին ենք կարոտել: Իհարկե, կարոտել ենք, մեր ծննդավայրն ա, մեր ծնողներն են ընդեղ թաղված, իմ երեխաների գերեզմանն ա ընդեղ, կանչում ա մեր հողը մեզ, կարոտը խեղդում ա մարդուն»:
Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, ադրբեջանիցները շատ հեշտ համաձայնում են, որ Արցախից մարդիկ դուրս գան, մինչդեռ Արցախ վերադառնալու դեպքում խնդիրներ են ստեղծում։
«Տպավորություն է, որ ճանապարհը միակողմանի է, այսինքն, գնում է հայաթափման, իսկ դա անթույլատրելի է», - նշեց Գեղամ Ստեփանյանը:
Արցախի օմբուդսմենի խոսքով՝ երեկվա միջադեպը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Բաքուն ստում է, երբ պնդում է, թե Լաչինի միջանցքը բաց է։ Արցախի շրջափակում ոչ միայն շարունակվում է, այլև ավելի է խստացվել։