Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հանդիպման առաջարկ է փոխանցել Բաքվին


Արցախի իշխանությունները, Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջոցով, հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ստեփանակերտն առաջարկել է հանդիպումն անցկացնել խաղաղապահների տեղակայման վայրում [Իվանյանում]`զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։

Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև երկու հանդիպում է տեղի ունեցել, առաջինը՝ փետրվարին, երկրորդը՝ մարտի սկզբին։ Մարտի 13-ին Ադրբեջանի իշխանություններն արդեն Արցախի ներկայացուցիչներին հրավիրեցին Բաքու, ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ՝ «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու»։ Պաշտոնական Ստեփանակերտը մերժեց այս առաջարկն ու նաև բացառեց արցախցիների «վերաինտեգրացիան» Ադրբեջանի կազմում։

Մարտի 23-ին Արցախի իշխանությունները հայտարարեցին՝ պատրաստ են հումանիտար հարցերի քննարկման համար հերթական անգամ հանդիպել ադրբեջանական կողմի հետ, միաժամանակ վերահաստատեցին՝ լիարժեք բանակցությունները հնարավոր են միջազգային ձևաչափում:

Մարտի վերջին Ադրբեջանի իշխանությունները կրկին առաջարկեցին «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ Բաքվում հանդիպում անցկացնել՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում: Պաշտոնական Ստեփանակերտը մերժեց նաև Բաքվում հանդիպելու այս առաջարկը՝ վերահաստատելով նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ պատրաստ են հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչներին, բայց Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում, այսինքն՝ Իվանյանում, որտեղ, մասնավորապես, կքննարկեն Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։

XS
SM
MD
LG