Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։
Հայաստանի մասին զեկույցը փաստում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների հետաքննության հարցում՝ համաձայն միջազգային իրավունքի։
Սեղմ շարադրանքով զեկույցում նշված են Հայաստանի վերաբերյալ հիմնական արձանագրումները. իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։ Սահմանափակվել է արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։ Հանքարդյունաբերության օրենսդրությունում կատարված փոփոխությունները ավելի են հեշտացրել շրջանցելու համար հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները։ Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարի օրենքները մնացել են անբավարար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև փոխանակված փաստաթղթերի քանակըԶեկույցի հեղինակները ավելի ընդարձակելով վերոհիշյալ հիմնական կետերը, շարունակում է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգային իրավիճակը մնացել է լարված՝ հաճախակի փոխհրաձգություններով։ Ադրբեջանի հրետակոծությունները հարվածներ են հասցրել Հայաստանի բուն տարածքին՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, ինչի հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ։
Հոկտեմբերին Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել իրենց սահմանի երկայնքով Եվրամիության մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսների լայնածավալ արտահոսքը Հայաստան օժանդակել է տնտեսական գործունեությանը, բայց այն նաև նպաստել է վարձակալության գների և ընդհանուր առմամբ՝ ապրուստի արժեքի բարձրացմանը։
Մարտ ամսին Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մտահոգություն է հայտնել աշխատանքի անվտանգության և առողջության բարելավման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկված անբավարար միջոցների, աշխատանքի անվտանգության և առողջության մասին հստակ սահմանված քաղաքականության բացակայության և բոլոր աշխատողների և նրանց խնամառուների համար սոցիալական ապահովության երաշխավորումը ձախողելու վերաբերյալ։
Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ
Ոչ մի էական առաջընթաց չի արձանագրվել 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Մարդիկ շարունակել են զոհվել և վիրավորվել ականներից, որոնք տեղադրվել են հայկական ուժերի կողմից այն տարածքներում, որտեղ նրանք վերահսկողությունը զիջել են Ադրբեջանին։
Ադրբեջանական իշխանությունները հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի հակամարտությունից ի վեր 266 մարդ է վիրավորվել ականներից, պնդելով, որ ավելի վաղ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ տարածքների քարտեզները վստահելի չեն։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգոստոսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-ի մարտից ի վեր ավելի քան 300 հայեր անհետ կորած են մնում կամ հաշվառված չեն։
Հավաքների ազատություն
Հայաստանում հավաքների ազատության վերաբերյալ զեկույցի հեղինակները գտնում են, որ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով։
Կառավարության դեմ ուղղված մի շարք բողոքի ցույցեր տեղի են ունեցել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցությունների պատճառով: Հաճախ բողոքները լինում էին լայնածավալ ցույցերի տեսքով, երբ ցուցարարները փակում էին փողոցները և վրաններ տեղադրում: Իշխանությունների արձագանքը երբեմն եղել է անհամաչափ՝ ցրելով և ձերբակալելով հարյուրավոր անձանց և վիրավորելով տասնյակ մարդկանց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուսաձայնային հատուկ միջոցից վիրավորված Էդմոնդն ասում է՝ իրավապահներն իրեն չեն այցելել, չեն հարցաքննելԱմենադաժան բախումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ, որպեսզի թույլ չտան հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին:
Նշված է, որ հիսուն անձինք, ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:
Լրատվամիջոցների իրավունքների դիտորդները հաղորդել են, որ առնվազն 11 լրագրողներ են վիրավորվել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում բողոքի ցույցերը լուսաբանելու ժամանակ, ոմանց նաև խոչընդոտել են լուսաբանել ցույցերը:
Մինչև տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար:
Օգոստոսի 25-ին ոստիկանությունը ցրել է մայրաքաղաք Երևանում անցկացվող խաղաղ ցույցը Ռուսաստանի, որն անցկացվում էր Ուկրաինա ներխուժելու դեմ։ 22 անձ էր ձերբակալվել։ Ձերբակալված ցուցարարները պահվել են մի քանի ժամ առանց փաստաբանի կամ առնաց թարգմանչի՝ նրանց դեպքում, ովքեր չեն խոսել հայերեն: Նույն օրը ավելի ուշ՝ առանց մեղադրանքի նրանք ազատ են արձակվել։
Արտահայտման ազատություն
Արտահայտման ազատության հատվածում Amnesty International-ի զեկույցը գտնում է, որ այդ իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել։ Քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա։
Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դատավարությունը շարունակվել է «ազգամիջյան ատելություն հրահրելու» կեղծ մեղադրանքների հիման վրա՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի քննադատության բարձրաձայնման համար։
2021 թվականին հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ավելի քան 200 քրեական գործեր են հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով։
Համացանցում խոսքի ազատության մասով նշված է, որ հուլիսի 4-ին գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները կառավարությանը լիազորություններ են տալիս առանց նախնական դատական քննության արգելափակելու վնասակար համարվող առցանց բովանդակությունները, ինչը մտահոգություններ է առաջացրել համացանցում խոսքի ազատության հանդեպ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ։
Բնապահպանական անկում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամուլսարի հանքավայրի գործարքից հետո բնապահպանների մտահոգությունները խորացել ենՇրջակա միջավայրի պաշտպանության ենթաբաժինը զեկույցը վերնագրել է «բնապահպանական անկում», փաստելով, որ հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանքարդյունաբերության օրենսդրությունում, ինչը հեշտացնում է շրջանցել հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները՝ թույլ տալով հանքարդյունաբերության ծրագրերի իրականացում, չնայած բողոքի ցույցերին։
Տեղի բնապահպանական ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ նոր օրենքը ծառայում է կառավարության մտադրությանը՝ վերսկսելու Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, որը դադարեցվել էր բնապահպանական և այլ մտահոգությունների և քաղաքացիական հասարակության բողոքի ցույցերի պատճառով։
ԼԳԲՏ անձանց իրավունքները
ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին զեկույցում նշված է, որ նրանք շարունակվել են բախվել խտրականության՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա, քանի որ խտրականության դեմ պայքարի օրենքները մնացել են անբավարար: Իշխանությունները չեն կարողացել իրագործել 2021 թվականին Եվրոպայի խորհրդի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի կողմից տրված առաջարկությունները, որոնք ներառում էին արդյունավետ օրենսդրության ընդունում:
Մայիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարզել է, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել բարի սեփականատեր ԼԳԲՏ-ի անձին հոմոֆոբ բռնությունից, ներառյալ հրկիզումից և ֆիզիկական ու խոսքային հարձակումներից, որ տեղի են ունեցել 2012 թվականին, և չեն իրականացրել արդյունավետ հետաքննություն: