33-ամյա Էդմոնդ Նարգիզյանը Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախումների ժամանակ գանգուղեղային վնասվածք էր ստացել ու վիրահատվել։
«Կոնկրետ ուղեղիս վրա չի ընկել, մի քիչ էս կողմ, էն կողմ: Բախտս բերել ա, մեռնեմ Աստծու զորությանը, սաղ ենք մնացել», - ասաց Նարգիզյանը:
Նա ոստիկանության կիրառած լուսաձայնային հատուկ միջոցից է վիրավորվել։
«Կտրել են գլխիցս, մի քանի ամիս հետո պիտի ինչ-որ պլաստմասով հավաքեն, ոսկոր բան են հեռացրել», - մանրամասնեց Էդմոնդ Նարգիզյանը:
Մինչ ոստիկանությունը պնդում է՝ հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում, քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա, Էդմոնդն ասում է՝ շատ մոտ էին:
«Էդ օդ են կրակում, էդ կրակողը կրակել չգիտի, թե էդ ոնց են անում էլի: Կրակողին չեմ տեսել, բայց օդ են կրակում, ինքը օդում տրաքում իջնում ա ներքև, բայց էդ կնոկրետ ընկավ գլխիս, մի 20 մետր էն կողմից կրակել են գլխիս: Առաջինը Դեմիրճյանի կողմից կրակեցին դեպի ամառանոց իջնող տեղը, իսկ երկրորդը ոնց որ մի 15-20 մետր էի ոստիկաններից հետո, կրակին գլխիս, տենց ո՞նց ա լինում», - պատմեց Նարգիզյանը:
Առաջին նռնակն օդում տեսել է, որոշել տարածքից հեռանալ՝ Դեմիրճյան փողոցի կողմ, վայրկյաններ հետո, ասում է, երկրորդն ուղիղ գլխին է դիպել։ Նախազգուշացում, որ հատուկ միջոց է կիրառվելու, չի լսել։ Շուտով հիվանդանոցից տուն կգնա, բայց 5-րդ օրն է ոչ մի իրավապահ նրան չի այցելել. ցուցմունք չեն վերցրել, չեն հարցաքննել։ Միայն տեղեկացել է՝ ամսի 3-ին, երբ վիրահատվում էր, իրավապահները եկել, հեռախոսն են տարել։
Քննչական կոմիտեից այսօր չհաջողվեց պարզել՝ արդյոք նա տուժող է ճանաչվել: Էդմոնդն ինքը տեղեկություներ չուներ:
Դեպքից 5 օր անց մեղադրյալներ կան միայն քաղաքացիների շրջանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին՝ ոստիկանության գործողությունների առնչությամբ քրեական գործ չկա, ուստի նաև՝ կասկածյալներ ու մեղադրյալներ։ Զանգվածային անկարգությունների գործը Քննչական կոմիտեում դեպքից անմիջապես հետո հարուցվեց։ 15 մեղադրյալ կա։ Տասը կալանավորված է, մեկը՝ ձերբակալված, քննարկվում է նրան կալանավորելու հարցը, չորսը ազատության մեջ են։
Ոստիկանների ու ցուցարարների բախման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալի, տարբեր բժշկական կենտրոններ 60 հոգի էր տեղափոխվել, մոտ 40-ը՝ ոստիկաններ էին։ Անցած ուրբաթ օրվա բախումները սկսվեցին, երբ ոստիկանները թույլ չտվեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության կողմնակիցներին կառավարական ամառանոցների մոտից շարժվել դեպի խորհրդարանի շենք։
Էդմոնդը ծանոթ է պաշտոնական վարկածին՝ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, քարերով, մետաղյա ձողերով, մուրճերով, շշերով հարվածել են նրանց, բռնություն գործադրելով փորձել ճեղքել ոստիկանական պատը։ Դրանից հետո է կայացվել հատուկ միջոցներ կիրառելու որոշումը։ Ասում էր՝ այն վայրում, որտեղ ինքն էր, հակառակը՝ ոստիկաններն էին շշերով հարվածում։
«Ուզում էինք անցնել մեր համար էլի, մեզանից ինչ-որ բախում չի եղել, որ իրանք նռնակներ նետեն, բան անեն: Հենց դեմից, որ ես կանգնած եմ եղել, մենակ էն եմ տեսել, որ «Նոյի» շշերը միանգամից եկան վրեքս, միանգամից ոստիկանները շպրտեցին ժողովրդի վրա: Ես չեմ տեսել քարեր, հետո գցել են Youtube եսիմ մուրճեր, եսիմ ինչեր, հետո եմ տեսել, իմ մոտ կոնկրետ տենց բան ես չեմ տեսել», - պատմեց Նարգիզյանը:
«Իշխանությունը քաղաքական պատվեր է իջեցրել՝ որևէ ոստիկանի գլխից մազ չպակասի». Գեղամ Մանուկյան
«Քաղաքական պատվեր»՝ ոստիկանական բռնություններին չանդրադառնալն այսպես է գնահատում «Հայաստան» խմբակցությունից, «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
«Հակառակ նրան, որ բազմաթիվ հաղորդումներ են տրվել ոստիկանություն՝ ոստիկանական բռնությունների, ընդհուպ նաև պատգամավորի նկատմամբ գործադրված բռնությունների վերաբերյալ և որևէ քայլ չի արվում է, խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը քաղաքական պատվեր է իջեցրել՝ որևէ ոստիկանի գլխից մազ չպակասի, որովհետև ցանկացած ոստիկանի անօրինականությանը մեկ իրավական գնահատական տալը կփլուզի այդ համակրագը», - ասաց Մանուկյանը:
Օրեր շարունակ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում բախումների համար։ Իրավապահներն էլ հայտարարում են՝ ոստիկանական շղթան ճեղքելու փորձը «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ էր։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ավելի հեռուն են գնում, բախման կոնկրետ պատասխանատուի՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանի անունը տալով և նրա այդ օրվա մի հայտարարությունը մատնանշելով:
«Կոչ ենք անում՝ հենց հիմա բացեք այդ փողոցը, մենք էս փողոցով գնում ենք դեպի խորհրդարան: Կանայք ու աղջիկները թող էս կողմ գան, էս փողոցը հենց հիմա պիտի բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա, գնացինք փողոցը բացելու», - հայտարարել էր Սաղաթելյանը:
Մեղադրյալների ով լինելը չհրապարակող Քննչական կոմիտեից ասացին՝ 15-ի մեջ շարժման ղեկավարներ չկան:
«Կազմակերպիչը ես եմ, մինչև հիմա չեն կանչել», - ասաց Գեղամ Մանուկյանը:
ԱԺ-ի պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ շարժման առաջնորդներին իրավապահները դեպքից 5 օր անց էլ չեն կանչել. «Թող կանչեն հարցաքննության, այնպիսի փաստեր ասեմ, գետինը կմտնեն»: