Մատչելիության հղումներ

Ղարաբաղում միջադեպերի քանակի աճը մտահոգում է Ռուսաստանին․ Զախարովա


«Մեզ իրոք մտահոգում է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի քանակի աճը, թշնամական հռետորաբանության աճը, Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու համար փոխզիջումներ փնտրելու կողմերի անպատրաստ լինելը», - այսօրվա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գտնում ենք, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա, դրանում մենք վճռական ենք և հաստատում ենք մեր դիրքորոշումը», - ընդգծել է նա։

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել իրենց հայտարարություններում և գործողություններում, բոլոր թրեքներով վերսկսել հայ-ադրբեջանական նորմալացման բանակցությունները, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա, խաղաղության համաձայնագրի նախապատրաստում, հասարակական գործիչների ու խորհրդարանականների հանդիպումներ։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի իրավիճակին առնչվող մի շարք հարցերի պատասխաններում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը մի քանի անգամ ասել է, որ կարգավորման համար պետք է հիմք հանդիսանան եռակողմ հայտարարությունների իրականացումը և բացասական է գնահատել արևմտյան նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG