Ըստ ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցի, Հայաստանում մեծ թվով գործերի քննությունն առաջ չի գնում

ԱՄՆ պետական քարտուղարը նեկայացնում է 2022 թվականի մարդու իրավունքների զեկույցը, Վաշինգտոն, 20 մարտի, 2023թ.

ԱՄՆ արտաքին գերատեսչությունը մոտ կես դար է ամեն տարի հրապարակում աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերլուծությունը և այն փոխանցում է Կոնգրեսին: Դա պահանջվում է 1961 թվականի արտաքին աջակցության օրենքով և 1974 թվականի Առևտրի օրենքով:

Զեկույցում ներառվում են մարդու իրավունքների բնագավառում տարվա ընթացքում 198 երկրներում և կազմավորումներում տեղի ունեցած իրադարձությունները:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններ, ՄԻԵԴ բողոքներ

Հայաստանի բաժնում զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում գրանցվել են բռնության դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և ձերբակալությունների։ 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ստորաբաժանումները իրականացրել են ապօրինի սպանություններ, արձանագրվել է դաժան, անմարդկային և մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք հայ զինծառայողների հանդեպ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել բողոքներ, կողմերը միմյանց մեղադրել են դաժանությունների համար և սպասում էին դատարանի վճռին։ Հայաստանը նոր բողոքներ է ներկայացրել սեպտեմբերյան մարտերի վերաբերյալ:

Ըստ զեկույցի, կան հավաստի տեղեկություններ, որոնց համաձայն, անվտանգության ուժերի կողմից կիրառվել են խոշտանգումներ, առկա են բանտերում ծանր պայմաններ, տեղի են ունեցել ապօրինի ձերբակալություններ և կալանավորումներ: Առկա է դատական անկախության լուրջ խնդիր, գրանցվել են ապօրինի միջամտություններ մարդու անձնական կյանքին և խոսքի ազատության սահմանափակում:

Զեկույցում ասվում է, որ կատարվել են հանցագործություններ, որոնք ներառել քաղհասարակության գործիչների և սեռական փոքրամասնությունների դեմ ուղղված բռնություն կամ բռնության սպառնալիք: Բացի այդ, գրանցվել են երեխաների աշխատանքի չարաշահման վատթարագույն դեպքերը:

«Կառավարությունը ձեռնարկել է սոսկ սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումների հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի բանակի կամ անհատների կողմից ենթադրյալ չարաշահումների հետաքննության ընթացքում առաջընթաց չկա»:

Զեկույցում նշվում է, որ կառավարության կամ դրա գործակալների կողմից կամայական և ապօրինի սպանություններ չեն արձանագրվել:

Ոչ մարտական պայմաններում մահեր

Իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում, որ բանակում ոչ մարտական պայմաններում մահերի վերաբերյալ պատշաճ քննություններ չեն անցկացվում:

Քաղաքացիական հասարակությունը և զոհերի ընտանիքները պնդում են, որ ոչ մարտական գործողությունների արդյունքում մահերը հաճախ ներկայացվում են իբրև անձնասպանություններ:

Նոյեմբերի 20-ի դրությամբ առնվազն 15 զինվորականներ զոհվել են ոչ թե մարտական պայմաններում, այլ սպանությունների, ինքնասպանությունների, զենքի սխալ վարվելու կամ հիվանդությունների հետևանքով:

Ազատ գյուղում հրդեհի հետևանքով այս տարվա հունվարի 19-ին 15 զինծառայողների զոհվելու ողբերգական դեպքը զեկույցում ներառված չէ:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ոչ մարտական պայմաններում զինվորականների մահվան դեպքերի առնչությամբ և որպես լուրջ խնդիր է նշել հրամանատարների հաշվետվողականության պակասը, քննությունների անարդյունավետ ընթացքը և բանակում կարգապահության խնդիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված ուժերում մահերի մեծ մասը որպես կանոն որակվում են ինքնասպանություն. իրավապաշտպան

Տակավին չկա առաջընթաց 2018-ին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում կախված վիճակում հայտնաբերված Արմեն Աղաջանյանի գործով:

Նույն վիճակն է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բախումներում մարտի 1-2-ի մահվան դեպքերի վերաբերյալ: 2021-ին ընդհանուր իրավասության դատարանը չեղարկել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ պաշտոնյաների մեղադրանքները ցույցերը ցրելու նպատակով բանակին հրամաններ արձակելու հետ ենթադրյալ առնչություն ունենալու մասով:

Զեկույցում նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի իշխանության կողմից մարդկանց անհետացման դեպքեր չեն գրանցվել:

Զեկույցում կտտանքների և դաժան վերաբերմունքի բաժնում նշվում է, որ կան տեղեկություններ, որոնց համաձայն, կալանքի տակ գտնվողների նկատմամբ անվտանգության ուժերը կիրառել են խոշտանգումներ և բռնության այլ ձևեր:

Խոշտանգումների գործով 2015 թվականին Քրեական օրենսգրքում խոշտանգման նոր սահմանում է ընդունվել, դրանից հետո նման դեպք տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին։

Առաջընթաց չկա 2021 թվականին գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված Սամվել Հասանյանի և ևս երկու քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած Վանաձորի ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Նույն տարվա ընթացքում շարունակվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի երեք ոստիկանների դատավարությունը: Նրանք 2020-ին բռնություն են կիրառել ծանրամարտի չեմպիոն Արմեն Ղազարյանի և մեկ այլ քաղաքացու նկատմամբ։ Այդ գործում էլ առաջընթաց չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միաժամանակ ինձ ծեծում էին 6 հոգի, բայց նրանք անընդհատ հերթափոխվել են». ծանրամարտիկ Արմեն Ղազարյան

Ըստ իրավապաշտպանների, դատախազները խոչընդոտներ են ներկայացրել վաղաժամկետ ազատ արձակման իրականացման և ազատազրկման ռեժիմի մեղմացման դեպքերում:

Դատարաններն անկախ չեն

Դրա վկայությունն են կոռուպցիայի և քաղաքական ազդեցության երևույթները, բարեփոխումների իրականացմանը դիմադրելու դեպքերն ու վերջին աղմկահարույց սկանդալները:

Զեկույցում ասվում է, որ կան կառավարության կողմից դատավորների վրա ազդելու փորձերի մասին չհաստատված տեղեկություններ:

Ըստ զեկույցի, Հայաստանում քաղաքական բանտարկյալների կամ կալանավորների առկայության մասին արժանահավատ տեղեկություններ չկան:

Կառավարությունն ընդհանուր հաշվով հարգում է խոսքի ազատության իրավունքը, թեև կան որոշակի սահմանափակումներ: Զեկույցում նշվում է, որ իշխանությունը չի ներառել «ծանր վիրավորանքը» մինչև հուլիսի 1-ն ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում, և դա տվել է այդ հոդվածն ապաքրեականացնելու հնարավորություն:

Հարձակում «Ազատության լրագրողների վրա

Մարդիկ Հայաստանում հիմնականում ազատ են իշխանությանը քննադատելու և չտեսնելու առումով:

Խոսքի ազատության խնդիրներով զբաղվող ՀԿ-ները հաղորդել են տարվա ընթացքում 16 լրագրողների վրա հարձակումների մասին: Օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեն դադարեցրել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Խուլյանի և օպերատոր Կարեն Չիլինգարյանի վրա 2021 թվականի գործի քննությունը, դա պատճառաբանելով հարձակվողների գտնվելու մասին տեղեկությունների բացակայությամբ:

Մայիսի 25-ին Ազգային ժողովն հաստատել է կարգ, որով պետական մարմինները կարող են լրագրողին զրկել հավատարմագրից, եթե համարվի, որ նա մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտել է «աշխատանքային կանոնները»: Լրատվամիջոցները դատապարտել են այդ որոշումը:

Մամուլը քաղաքական առումով բևեռացված է: Մասնավոր անձինք և խմբեր, որոնք, որպես կանոն, կապված են նախկին իշխանության կամ ներկայիս խորհրդարանի ընդդիմության հետ, և ձգտում են իրենց պաշտպանել իրենց հովանավորների քաղաքական տեսակետները և ֆինանսական շահերը:

Ներկայիս և նախկին իշխանությունները և ընդդիմությունը նշված ժամանակամիջոցում շարունակել են հսկողության տակ վերցնել լրացուցիչ ԶԼՄ-ներ:

Կան մի քանի անկախ լրատվամիջոցներ, որոնք քաղաքականապես կախված չեն դոնորների ֆինանսական օգնությունից: Դրանք ապավինում են միջազգային դոնորների աջակցությանը և գովազդից ու բաժանորդային վճարներից ստացվող եկամուտներին:

Հեռարձակվող լրատվամիջոցները, մասնավորապես Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, մնում են բնակչության մեծամասնության համար նորությունների և տեղեկատվության հիմնական աղբյուրներից: Որոշ վերլուծաբանների պնդմամբ, Հանրային հեռուստատեսությունը շարունակել է լրատվությունը և քաղաքական բանավեճերը ներկայացնել պետության տեսանկյունից, թեպետ այն հասանելի է եղել նաև ընդդիմության համար:

Սոցցանցերում օգտատերերը տարբեր մեդիա հարթակներում ազատորեն արտահայտել են կառավարության և նախկին իշխանությունների վերաբերյալ կարծիքներ, թեպետ, ըստ զեկույցի, «ծանր վիրավորանքի» հոդվածը որոշ չափով «սթափեցնող» ազդեցություն է գործել մարդկանց վրա: Հոդվածը գործել է 2021-ի հուլիսից մինչև 2022 թվականի հունիս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի լինի

2022-ի ընթացքում գրանցվել են նաև ընդդիմության կողմից իրենց հայացքները չկիսող հնարային գործիչների վրա հարձակման դեպքեր: Զեկույցում որպես օրինակ է բերվում ապրիլի 28-ին հարձակումն «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա։

Ինտերնետն ազատ է

Ըստ զեկույցի, իշխանությունը չի սահմանափակել համացանցի հասանելիությունը և չի գրաքննել առցանց բովանդակությունը, չեն եղել հավաստի տեղեկություններ այն մասին, որ իշխանությունը վերահսկել է մասնավոր առցանց հաղորդակցությունները՝ առանց համապատասխան իրավական լիազորությունների:

Հավաքների ազատություն, բայց և որոշ սահմանափակումներ

Խաղաղ հավաքների և միավորումների ազատության բաժնում ասվում է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հարգում են այդ իրավունքները, սակայն եղել են որոշ սահմանափակումներ։ Մասնավորապես, գրանցվել են ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառում, ցուցարարների և լրագրողների դաժան վերաբերմունք և ցուցարարների կամայական կալանավորում։