Մատչելիության հղումներ

«Թուղթ ու գրիչ, ոչ մի բժշկական գործիք». վարժական հավաքի մասնակիցը պնդում է՝ իրենց պատշաճ չեն ստուգում


Թուղթ ու գրիչ, բայց ոչ մի բժշկական գործիք. ահա այս պայմաններում է վարժական հավաքի մասնակիցը բուժզննության ենթարկվել։ Ներկայանալ չցանկացող տղամարդն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ բուժզննության կանչվածներից ոչ մեկին չէին ստուգում՝ ընդամենը հարցեր էին տալիս, արձանագրում ու անցնում առաջ։

«Ոչ մի բժիշկ ոչ մի սարքավորում չուներ, առանց որևէ սարքավորման հիվանդություն էին ախտորոշում ու անցնում էին, պիտանի է, թե չէ: Այսինքն՝ մարդը գնում էր, ասում էին՝ ինչ-որ խնդիր ունե՞ս, ասում էին՝ թուղթ ունե՞ս բժշկի, որ դա հաստատում է, ասում էիր՝ չէ, ասում էին՝ դե ուրեմն, նորմալ է, գնա», - ասում է նա:

Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց հերթական վարժական հավաքի մասին։ Նախկին եռամսյայի փոխարեն կազմակերպվելու է 25-օրյա հավաք, որից 14 օրը՝ մարտական հերթապահության ռեժիմում։ Նախատեսվում է, որ մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը տևող հավաքներին կմասնակցի ավելի քան 3000 պահեստազորային։

«Ազատության» զրուցակիցը զորամաս կմեկնի ապրիլին։ Պատմեց, որ բուժզննման օրը տեղեկացրել է առողջական խնդրի մասին, բայց պիտանի են համարել վարժական հավաքի համար։ Ասում է՝ թեև չի չի խուսափում մասնակցությունից, բայց իր առողջական խնդիրը չի վերացել. «Տարվա մեջ հենց մի փոքր եղանակը ցրտում է, սկսում եմ ահավոր հազ ունենալ, ու էդ հազս չի կորում, մինչև եղանակները տաքանան: Ընդամենը ուզում էի թոքերս ստուգեին, իրենք սարքավորում չունեին նույնիսկ թոքերը լսելու համար»:

Պարտավոր են պատշաճ զննել յուրաքանչյուր պահեստազորայինի. իրավապաշտպան

ՀՔԱ Վանաձոր գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսեսյանն ուսումնասիրում է վարժական հավաքների ընթացքում ծագած խնդիրները։ Իրավապաշտպանը, վկայակոչելով կառավարության ընդունած չափորոշիչները, ասում է՝ նախ պարտավոր են պատշաճ զննել յուրաքանչյուր պահեստազորայինի, առողջական խնդրի դեպքում ուղեգրել բուժհաստատություններ, դրանից հետո միայն որոշել վարժական հավաքին մասնակցել-չմասնակցելու հարցը։

«Պիտի անպայման ուղեգրեն, որովհետև {կառավարության որոշման} 405 հոդվածը սահմանում է, որ կան հստակ առողջական զննություններ, որոնք պիտի իրականացվեն: Յոթն են դրանք: Իսկ դրանից բացի, արդեն եթե դրա շրջանակներում անցնում են զննությունները քաղաքացիները, նաև հատուկ առանձին զննությունների են ուղեգրվում իրենց առողջական վիճակի գանգատների հիման վրա», - նշեց նա:

Իրավապաշտպանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հատուկենտ զինկոմիսարիատներ են առաջնորդվում օրենքով։ Մի քանի շաբաթվա ընթացքում կազմակերպություն են դիմել 10 պահեստազորայիններ, ընդ որում՝ նրանց կեսը նույն՝ բուժզննության խնդրով. «Ովքեր, որ վկայում են, որ իրենց չեն տրամադրվում այդ համապատասխան ուղեգրերը և նույնիսկ հորդորում են, որ իրենց միջոցներով գնան անձինք, անցնեն հետազոտությունները վարժական հավաքներին կանչվելու համար, բնականաբար սա նաև խնդիր է ֆինանսական տեսանկյունից, որովհետև շատերը չունեն ֆինանսական միջոցներ իրենց միջոցով անցնելու այդ զննությունը»:

Զինկոմիսարիատներում հրաժարվում են քաղաքացիներին իրենց հարմար ժամանակ ներգրավել հավաքներին

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանին դիմած քաղաքացիներն էլ այլ բողոքներ են ներկայացրել։ Առաջինը վերաբերում է վարժական հավաքի մեկնելու ժամկետին։ Անցած տարեվերջին պաշտպանության նախարարն ասել էր, թե քաղաքացին ինքը կընտրի՝ տարվա մեջ երբ է իրեն հարմար գնալ հավաքին։

«Տարբեր քաղաքացիներ ահազանգել են, որ զինկոմիսարիատներում հրաժարվում են այդ քաղաքացիներին ընտրողաբար՝ ըստ իրենց ուզած ամիսների ներգրավել, պատճառաբանությունն այն է, որ չնայած կառավարության նիստում հայտարարություններ և խոստումներ են հնչել, սակայն դա հետագայում հրամաններով կամ կարգերով չի հաստատվել», - ասաց նա:

Երկրորդ խնդիրն առնչվում է հավաքին մասնակցող քաղաքացու աշխատավարձին։ Գործատուները աշխատատեղը պահում են, բայց աշխատավարձը չեն վճարում, ասաց նա. «Բնականաբար, եթե որևէ քաղաքացի, օրինակ, մասնավոր ընկերությունում աշխատում է և ստանում է 200-300 հազար դրամի աշխատավարձ, այդ դեպքում ունենալու է եկամտի կրճատում: Պաշտպանության նախարարությունում ես այդ հարցը բարձրաձայնել եմ, ինձ ասել են, որ այս պահին քննարկումներ են գնում որևէ կոմպրոմիսային լուծում գտնելու ուղղությամբ: Համենայն դեպս, այս պահի դրությամբ լուծում դեռևս չկա»:

Հայաստանում վարժական հավաքներ սկսեցին անցկացվել 44-օրյա պատերազմից մեկ տարի անց։ Իշխանությունը հայտարարում է, որ այս հավաքները զինված ուժերի բարեփոխման մաս են, որոնց նպատակն է կատարելագործել Հայաստանի սահմանի պաշտպանության համակարգը, զորահավաքային մեխանիզմները, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը։ Հավաքներին զուգահեռ էլ սկսվեցին բողոքները։ Դժգոհությունը մեծացավ մահվան դեպքերին զուգահեռ՝ երկու տարում յոթ պահեստազորային է մահացել։ Ու մինչ իշխանությունները խոստանում են բարձրացրած հարցերին արձագանքել առաջիկայում, իրավապաշտպանները պնդում են՝ այս վիճակագրությունը վկայում է համակարգի թերությունների մասին։

XS
SM
MD
LG