Մատչելիության հղումներ

Վանաձորում սպանված կնոջ հարազատներն անհանգիստ են առանց ծնողների մնացած երեխաների համար


Դեռ պարզ չէ՝ ինչ ճակատագիր կունենան վանաձորցի երկու անչափահաս երեխաները, որոնց հայրն այսօր անազատության մեջ է՝ կնոջը դաժանաբար սպանելու մեղադրանքով։ Մեկուկես ամիս առաջ էր, Վանաձորում գույժ տարածվեց, որ 38-ամյա Օնիկ Միրաքյանը կտրել է կնոջ պարանոցը։

Իրավապահները դեռ մանրամասներ չեն հաղորդում՝ ինչո՞ւ տեղի ունեցավ այս սարսափելի ողբերգությունը մի ընտանիքում, որտեղ երկու բիզնես ունեին, բարեկեցիկ պայմաններում էին ապրում, կինը սիրված մանկավարժ էր, երկու երեխայի մայր։

Սպանված Ցոլինեի հարազատները տարօրինակ են համարում, որ այս մեծ վիշտը չի միավորել երկու ընտանիքներին։ Տանը, որտեղ իրենց աղջիկը դաժանաբար զրկվել է կյանքից, արգելքներ կան՝ սահմանափակել են թոռներին տեսնելու իրենց հնարավորությունները։ Ցոլինեի հորեղբայրը՝ Արսեն Մազմանյանն ասում է՝ կալանավորված իրենց փեսայի ծնողները չեն ընդունել հանդիպելու, տեղի ունեցածը քննարկելու իր հորդորները։

«Չեն եկել, ինչի՞ չեկան նստեն, որպես ծնող իմ հարեցրին պատասխանեն, սա ի՞նչ է նշանակում: Իմ ամենամեծ ցավը դա, որ այսօր ոչ մեկը չի զղջում դրա համար, պատճառն ի՞նչ է, պատճառ չկա», - նշեց Արսեն Մազմանյանը:

Կնոջը սպանելու մեղադրանքով կալանավորված տղամարդու մայրը հրաժարվեց պատասխանել «Ազատության» որևէ հարցի։ Հղում արեց նախաքննությանը, թե չեն խոսի, քանի դեռ գործը դատարան չի հասել։ Իսկ սպանված կնոջ հարազատներն անհանգիստ են առանց ծնողների մնացած երեխաների համար։ Կասկածներ ունեն, թե ողբերգական այս դեպքից առաջ կնոջն ընտանիքում պարբերաբար նվաստացրել են, բռնության ու զրկանքների ենթարկել։ Ասում են՝ Ցոլինեն, սոցիալական ցանցերում չկար, որևէ մեկի, անգամ հարազատների հետ չէր շփվում։ Հարցերին կարճ էր պատասխանում՝ ամեն ինչ լավ է։

«Իրենք սահմանափակել էին մեր շփումը, այսինքն, եթե պետք ա մեր տանը առիթ լիներ, ինքը ներկա լիներ մեր տանը, պետք ա ժամով ներկա լիներ: Այսինքն՝ իրան էնքան են վերահսկել, որ իրանց տան մեջ եղած էդ կոնֆլիկտը, որ էդ կարգի ծայրահեղ կոնֆլիկտ ա եղել, ոչ մեկ տեղյակ չի եղել, այսինքն, էդ մարդը չի կարողացել արտահայտվի, չգիտեմ, սպառնացել են ինչ-որ մի ձև, որ իրան թույլ չեն տվել արտահայտվի, որ ինքը շատ նեղ դրության մեջ ա», - ասաց Ցոլինեի հարազատներից մեկը:

Վանաձորի համայնքապետարանում վաղվանից քննարկման կդրվի առանց ծնողների խնամքի մնացած երկու երեխաների ճակատագիրը։ Սպանված կնոջ հարազատները հարցեր են բարձրացնում՝ ինչո՞ւ այսքան ուշացումով՝ դեպքից մեկ ամիս անց են միայն համայնքային կառույցներն սկսել զբաղվել երեխաների կացության, հոգեբանական աջակցության, անգամ դպրոց հաճախելու հարցերով։

«Էդ էրեխեն էնքան անմեղ էր, ու ի՞նչ է նշանակում տանդ անդամին էսքան բանից հետո նորից ցեխ շպրտես անունին, ի՞նչ է նշանակում», - ասաց հորեղբայրը:

Վանաձորի համայնքապետարանում վաղվանից քննարկման կդրվի առանց ծնողների խնամքի մնացած երկու երեխաների ճակատագիրը: Սպանված կնոջ հարազատները հարցեր են բարձրացնում՝ ինչո՞ւ այսքան ուշացումով՝ դեպքից մեկ ամիս անց են միայն համայնքային կառույցները սկսել զբաղվել երեխաների կեցության, հոգեբանական աջակցության, անգամ դպրոց հաճախելու հարցերով:

Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովից ասում են՝ վաղվանից սոցիալական ծառայության մասնագետները կուսումնասիրեն երկու կողմի հարազատների ընտանեկան պայմանները։ Ավելի վաղ պետական կառույցներից, այդ թվում՝ իրավապահներից երեխաների հարցով զբաղվելու հանձնարարականներ չեն ստացել, ինչն օրենքի պահանջ է։

Մինչդեռ մայրական կողմի հարազատները կասկածներ ունեն՝ արդյո՞ք երեխաների հետ շփվելու իրենց նկատմամբ սահմանափակումների պայմաններում պետական ու համայնքային կառույցները երեխաների շահերից բխող որոշում կկայացնեն։ Երկու օր առաջ երեխաների հետ շփվելու ընդամենը մի քանի րոպե հնարավորություն են ունեցել նրանց հորաքրոջ ամուսնու ներկայությամբ։

«Ինչի՞ համար սոցիալական աշխատողն ու հոգեբանները երեխաներին չեն բերել, այլ բերել ա մի անծանոթ մարդ, որը երեխաների վրա ազդեցություն ունեցել ա, թույլ ա տվել ուտեն, թե՝ չուտեն, խոսեն, թե՝ չխոսեն, շորը հանեն, թե՝ չհանեն: Ուզում եմ հասկանամ էլի՝ հանցագործը մենք ենք, թե՞ իրենք: Այսինքն էդ երեխաները նույն կարգավիճակով են, ոնց որ իրենց մայրն ա եղել՝ հեռախոս չունեն, շփում չունեն, կոպիտ ասած, պատմությունը կրկնվում ա», - ասաց հարազատներից մեկը:

Այսօր կնոջն սպանելու մեջ մեղադրվող Օնիկ Միրաքյանը գտնվում է հոգեբուժարանում։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակվել է ստացիոնար հոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու՝ ունի՞ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ, քննչական գործողություններով ձեռքբերված տվյալներով, Օնիկ Միրաքյանը միակ մեղադրյալն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG