Մատչելիության հղումներ

Քաղաքական լարվածությունն ու աճող անպաշտպանվածությունն է գերիշխել Հայաստանում անցած տարվա առանցքային իրադարձություններում. HRW


Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքով քաղաքական լարվածությունն ու աճող անպաշտպանվածությունն է գերիշխել Հայաստանում անցած տարվա առանցքային իրադարձություններում, Human rights watch-ն է բնութագրում իր ամենամյա զեկույցում։

«Քաղաքական ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մեղադրել, բողոքի ակցիաներ անցկացրել՝ պահանջելով նրա հրաժարականը», - այսօր հրապարակված փաստաթղթում նշում է Նյու Յորքում գործող միջազգային կառույցը։

Աշխարհի մոտ հարյուր երկրների թվում անդրադառնալով նաև Հայաստանում տիրող իրավիճակին՝ հեղինակավոր կազմակերպությունը մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր է արձանագրել ինչպես Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, այնպես էլ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները

«Անցած տարի Ռուսաստանի միջնորդած զինադադարը խախտվել է, Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, ռազմական գործողությունների անկանոն միջադեպերը սպառնում են Հայաստանի սահմանային կամ Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչների անվտանգությանը»,- փաստում են զեկույցի հեղինակները:

Վկայակոչելով պաշտոնական Երևանի տվյալները՝ HRW-ը նշում է, որ միայն անցած տարվա սեպտեմբերյան բախումների ընթացքում հայկական կողմից զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ, ևս 7600 մարդ էլ՝ հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել են սահմանամերձ շրջաններից, որտեղ վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, երեք հայազգի բնակիչ էլ սպանվել է Լեռնային Ղարաբաղում։

Հրետակոծության հետևանքները Սոթքում, սեպտեմբեր, 2022թ.
Հրետակոծության հետևանքները Սոթքում, սեպտեմբեր, 2022թ.

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է ավելի վաղ իր կողմից ստուգված և հաստատված սահմռկեցուցիչ տեսանյութի մասին, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ զինվորականներ գնդակահարում անզեն հայ գերիների։

«Առնվազն յոթ հայ զինվորներ արտադատական մահապատժի են ենթարկվել՝ ամենայն հավանականությամբ ադրբեջանական ուժերի կողմից 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ», - արձանագրում է կազմակերպությունը, որը հայ գերիների գնդակահարումը որակել էր պատերազմի հանցագործություն՝ դեռևս ամիսներ առաջ կոչ անելով պատժել մեղավորներին։

Կազմակերպությունը վերջին երկու տարվա ընթացքում Ալիևի վարչակազմին նաև բազմիցս հորդորել էր ազատ արձակել տասնյակ հայ ռազմագերիներին՝ այս զեկույցում էլ փաստել է, որ առնվազն երեք տասնյակ հայեր ադրբեջանական բանտերում են, ավելի քան երեք հարյուր մարդ էլ անհետ կորած է համարվում։

«Հայաստանյան իրավաբանները և իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ ոմանց վերջին անգամ ողջ են տեսել ադրբեջանական ուժերի բանտում», - ասվում է զեկույցում։

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքները թվարկելիս HRW-ը մեջբերել է նաև պաշտոնական Բաքվի պնդումները՝ ըստ որի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից մինչև անցած տարվա հոկտեմբեր Լեռնային Ղարաբաղում կամ հարակից տարածքներում ականի պայթյունից զոհվել է 34 խաղաղ բնակիչ, ևս 80-նն էլ վիրավորվել։

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հակահետևակային ականներն արգելող միջազգային պայմանագրի կողմ չեն, արձանագրում է իրավապաշտպան կազմակերպությունը։

Վատ վերաբերմունք կալանավայրերում

HRW-ը տարիներ ի վեր ահազանգում է հայաստանյան կալանավայրերում բռնությունների և վատ վերաբերմունքի դեպքերի մասին՝ այս զեկույցում էլ ընդգծելով, որ խնդիրն այժմ էլ լուծված չէ, մեղավորները հաճախ մնում են անպատիժ՝ «հարուցված գործերը հիմնականում կարճվում են հանցակազմի բացակայության կամ կասկածյալի ինքնությունը չպարզելու հիմնավորմամբ»։

Զեկույցի հեղինակները նկատել են, որ Հայաստանում խոշտանգումը քրեականացվելուց յոթ տարի անց դատարանը ընդամենը մեկ վճիռ է կայացրել՝ յոթուկես տարվա ազատազրկման դատապարտելով նախկին բանտային պաշտոնյայի։

Ուժի անհամաչափ կիրառում ընդդիմադիրների նկատմամբ

HRW-ը Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչներին քննադատել է նաև անցած տարվա ընթացքում խաղաղ հավաքները խոչընդոտելու համար: Իրավապաշտպանները մասնավորապես առանձնացրել են մայիսին և հունիսին ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերը։

Բողոքի ակցիա Երևանում, հունիս, 2022թ.
Բողոքի ակցիա Երևանում, հունիս, 2022թ.

Իրավապահները հիշեցնենք՝ ավելի քան կես տարի է քննում են՝ իրավաչափ էր արդյո՞ք հանրահավաքը հատուկ միջոցներով ցրելու՝ ոստիկանության որոշումը։ Մեղադրյալ, սակայն, ինչպես ընդդիմության ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունները քննող մյուս գործերի դեպքում, չկա։

Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի աճ

Բռնություններ են կիրառվել լրագրողների նկատմամբ՝ ընդ որում, այդ դեպքերը աճել են, հղում անելով հայաստանյան կազմակերպությունների զեկույցներին արձանագրում է միջազգային կառույցը՝ մանրամասնելով՝ անցած տարի 13 լրագրող բռնության է ենթարկվել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից, միջադեպերի մեծամասնությունը տեղի է ունեցել ընդդիմության տարբեր բողոքի ակցիաների ժամանակ:

Ծանր վիրավորանքի ապաքրեականացումը դրական քայլ

Տեղական ու միջազգային փորձագետների, այդ թվում՝ HRW-ի տևական քննադատությունից հետո անցած տարի Հայաստանի կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից։ Կառավարության այդ որոշումը հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը «դրական» է որակել։

Խախտվում են խոցելի խմբերի իրավունքները

Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակները նկատում են, որ Հայաստանում շարունակվել են ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությանն առնչվող խնդիրները, չի դադարել բռնությունն ու խտրականությունը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հողի վրա։

XS
SM
MD
LG