Մատչելիության հղումներ

Ոստիկանության բաժնում խախտվել է Խալաֆյանի կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքը. ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ


Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ. հաստատվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել ոստիկանության բաժին անօրինական բերման ենթարկված Խալաֆյանին, խախտվել են կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքները, իսկ «հենց քննության առաջին օրը առանց հիմնավորման ընդունվել է ոստիկանության բաժնում ինքնասպանության վարկածը», որը հետագայում կասկածի տակ չի առնվել»։

ՄԻԵԴ-ը նկատել է, որ Խալաֆյանի մահվան վարկածն ամբողջովին կառուցվել է ոստիկանության 2 ծառայողների պատմածի հիման վրա, թեև նույն ոստիկանները ներգրավված են եղել միջադեպին և, ըստ դատարանի, «չեն կարող համարվել անաչառ վկաներ»։

«Իշխանությունների կողմից ոչ մի կարևորություն չի տրվել սուտ և ապակողմնորոշիչ ցուցմունքների փաստին։ Նշված հակասությունները ճշտելու իրական փորձեր նույնպես չեն արվել», - գրված է վճռում։

2010 թվականին գողության կասկածանքով 24-ամյա Վահան Խալաֆյանը տարվել էր Չարենցավանի ոստիկանության բաժին, որտեղ չի տվել ինքնախոստովանական ցուցմունք, ինչից հետո նրա նկատմամբ սկսել են բռնություն կիրառել։

Ըստ պաշտոնական վարկածի՝ բերման ենթարկվելուց կարճ ժամանակ անց Խալաֆյանը, ոստիկանական սենյակի պահարանից վայրկյանների ընթացքում վերցրել է խոհանոցային դանակը, բարձրացրել վերնահագուստը, իջեցրել տաբատը ու 2 անգամ հարվածել է իր որովայնին, ինչից հետո ընկել է հատակին։ Տեղում փորձել են ցուցաբերել օգնություն, կանչել են շտապօգնություն, 40 րոպե անց նա հիվանդանոցում մահացել է։

Դատարանը մեղավոր էր ճանաչել 2 ոստիկանի՝ լիազորությունները գերազանցելու հոդվածով, ընդ որում՝ նրանցից մեկը պայմանական է ազատազրկվել։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը գործը քննության չի ընդունել։ 2010 թվականին այս գործը մամուլում ակտիվ լուսաբանվում էր ու հանրության ուշադրության կենտրոնում էր։

Խալաֆյանի մայրը և հարազատները վիճարկել են ինքնասպանության վարկածը, պնդել, որ բազմաթիվ ապացույցներ չեն հետազոտվել։ Նրանք վստահ էին, որ իրականում բռնությունների հետևանքով Խալաֆյանը գլխուղեղի վնասվածք էր ստացել, ինչից հետո ոստիկանները փորձել են կոծկել հանցանքը ու բեմադրել ինքնասպանության վարկածը։

Վահան Խալաֆյան
Վահան Խալաֆյան

Խալաֆյանի իրավահաջորդներին ՄԻԵԴ-ում ներկայացրած փաստաբաններից Արա Ղազարյանի խոսքով՝ հայաստանյան դատարանն այդպես էլ ուշադրություն չդարձրեց, թե որքան հակասություններ կային Խալաֆյանի ինքնասպանության մասին ոստիկանության վարկածում։

«Նրա նկատմամբ բռնություն էին իրականցրել, ինչի հետևանքով նա մահացել էր, ապա ինքնասպանության իմիտացիա էին ստեղծել, թե իբր նա ոստիկանական սենյակում հանկարծ ցատկում է, վերցնում է դանակն ու ինքն իրեն դանակահարում։ Այս քիչ հավանական վարկածը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել էր ոստիկանների կողմից, սակայն այս վարկածն այդպես էլ քննության առարկա չդարձավ», - ասաց Ղազարյանը։

Միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող Կառավարությունը, մինչդեռ, համարել է, որ «իշխանությունները արժանահավատ, բավարար և համոզիչ բացատրություն են տվել Վահան Խալաֆյանի մահվան հանգեցրած իրադարձությունների վերաբերյալ, որոնց արդյունքում մեղավորները պատժվել են»։

Այսօր իր վճիռը հրապարակած դատարանը բազմաթիվ կետերով շեշտում է գործի քննության ընթացքում իշխանությունների թույլ տված բացթողումները։ Օրինակ, «միջադեպից հետո դրանում ներգրավված ոստիկաններն անմիջապես չեն մեկուսացվել և չեն հարցաքննվել՝ կանխելու հնարավոր պայմանավորվածությունները»։

ՄԻԵԴ-ը կասկածի տակ է դնում նաև դատաբժշկական փորձաքննությունների օբյեկտիվությունը, քանի որ «փորձագետները ինքնասպանության վարկածը դիտարկել են որպես հաստատված փաստ»։

Դատարանը նկատել է, որ քննչական մարմիններն ու հայաստանյան դատարաններն անգամ հարց չեն տվել՝ հնարավո՞ր է, որ ենթադրյալ ինքնասպանությունը բեմադրված լինի, հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ ինքնասպանության գործիք դանակի վրայից մատնահետքերը ջնջված են եղել։

«Իշխանությունների կողմից այս հարցը մանրակրկիտ չուսումնասիրելը մտահոգիչ է, քանի որ կային նշաններ, որ այդ ապացույցները կարող էին կեղծված լինել ոստիկանության աշխատակիցների կողմից», - գրում է դատարանը։

2010 թվականին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած այս գործն ուսումնասիրած ՄԻԵԴ-ը նաև նկատել է, որ Խալաֆյանը, փաստորեն, իրականում մոտ ութ ժամ մնացել է ոստիկանական բաժանմունքում նախքան դանակահարությունը, սակայն իշխանությունները այդպես էլ ջանք չեն գործադրել՝ պարզելու, թե նա այնտեղ ինչ վերաբերմունքի է արժանացել և իրականում ինչ հանգամանքներում մահացել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտում է, որ իրենց խնդիրը չէ պարզել զոհի մահվան իրական պատճառը, սակայն ակնհայտ է, որ թույլ են տրվել կոնվենցիայի 2 հոդվածի խախտումներ։

Կառավարությունը դիմումատուներին համատեղ պետք է տրամադրի 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

XS
SM
MD
LG