«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանզիմներ պետք է գործարկվեն, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով՝ արտգործնախարարությանը հանձարարել է այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ։

Ընդգծելով, որ այս միջազգային մեխանիզմը սահմանված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Փաշինյանը նկատեց՝ մինչ օրս այն չի գործարկվել։

Եռակողմ հայտարարության 7-րդ կետը սահմանում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։

«Ի դեպ, այս կապակցությամբ պետական մարմիններին են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադարձնելու հարցը չենք բարձրացնում։ Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին, բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ այդ և այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներն ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին

Երևանը ստացել է Բաքվի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ

Փաշինյանը տեղեկացրեց, որ ստացել են Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ նկատելով՝ թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։

«Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները», - ասաց Փաշինյանը, մանրամասներ չներկայացրեց, միայն շեշտեց, որ հավատարիմ են ու չեն շեղվելու խաղաղության օրակարգից։

Մեկ ամիս առաջ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։ Երեկ ասուլիսի ժամանակ, Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը Բաքվից ստացել է հայկական առաջարկների արձագանքը՝ նշելով՝ թեև որոշակի առաջընթաց տեսնում է, սակայն բանակցային ճանապարհին ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն օրերս Բաքվից ստացել է խաղաղության համաձայնագրի հայկական առաջարկների արձագանքը. վարչապետ

«Մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց»

«Միևնույն ժամանակ պիտի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեմ նաև այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքները»,- եզրափակեց վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեպտեմբերին հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը․ ՔԿ

«Ադրբեջանը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստումներ է տեսնում»

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստումներ է տեսնում, կառավարության նիստի մեկնակին հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, չնայած ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի փետրվարի 22-ի որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Հայաստանին կապող միակ ասֆալտապատ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Փաշինյանը նաև ասաց, որ միաժամանակ տեսնում են իրադրությունը շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ՝ հիշեցնելով մարտի 5-ին ադրբեջանցիների կողմից արցախցի երեք ոստիկանների սպանությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում», հայտարարեց Փաշինյանը՝ մարտի 5-ին տեղի ունեցածն ահաբեկչական ակտ որակելով

«Հատուկ գնահատականի պետք է արժանանա փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»

Գործադիրի ղեկավարն ընդգծեց՝ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին արձանագրել է, որ դեպքի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է և որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում՝ դեպքի մանրամասները պարզելու համար, հետևաբար, ըստ Փաշինյանի, հատուկ գնահատականի պետք է արժանանա փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։

Ընդգծելով, որ Լաչինի միջանցքը միայն փակված ճանապարհահատվածը չէ, այլ 5 կմ տարածք՝ անվտանգության գոտի, Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները 2020 թվականի նոյեբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են՝ խախտվել է ոչ միայն հրադադարը, շփման գիծը այլև Լաչինի միջանցքի 5կմ գոտին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմի անհրաժեշտությունը, նաև՝ սպառնում

«Անհետաձգելի է, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ»

Փաշինյանը կարևոր և անհետաձգելի համարեց, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, ըստ վարչապետի, մասնավորապես, Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանզիմների մասին է։ Գործադիրի ղեկավարն ասաց, որ արդեն հանձնարարականներ է տվել արտգործնախարարությանն՝ առանց մանրամասնելու։

«Շարունակվում են աշխատանքները՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ։ Կարծում եմ, փաստահավաք առաքելությունը կարևոր է՝ հասցեագրելու նաև Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։ Այս պնդումներն անհիմն են և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն», - հայտարարեց Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության համար Փաշինյանը կրկին կարևորում է միջազգային հուսալի մեխանիզմների ստեղծումը

«Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակեր երկխոսությունը վիժեցնելու համար»

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար, հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, սա մտահոգում է Երևանին։

«Ընդամենը երկու հանդիպումից հետո Բաքուն հայտարարում է, թե ԼՂ հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման, միչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովուրդների իրավունքների և անվտանգության մասին», - ասաց գործադիրի ղեկավարը՝ կրկին կարևորելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջագային մեխանիզմի գործարկումը՝ շեշտելով՝ առանց մեխանիզմի, օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտում բացառում են Բաքվում ինտեգրման հարցերի քննարկումը