Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը․ ՔԿ


Սեպտեմբերին հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ամփոփելով 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։

Կոմիտեն նշում է, որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում հայտնաբերվել են ավերված կամ վնասված100-ից ավելի սեփական բնակելի տներ, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի, ավերված կամ վնասված համայնքապետարանի, հրշեջ փրկարական ջոկատի շենքեր, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ։

Ըստ քննչականի՝ վնասվել են նաև նշված մարզերում տեղակայված 6 զորամասեր, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա:

Նշանակվել են ավելի քան 7 տասնյակ փորձաքննություններ: Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավել անձինք, հարցաքննվել են 1000-ից ավելի վկաներ, նշանակվել են 224 դիակի դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև 98 դատագենետիկական և 350-ից ավել դատաբժշկական փորձաքննություններ։

ՀՀ 16 զինծառայողների մեղադրանքներ են ներկայացվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննության առարկա են դարձել նաև Հայաստանի զինված ուժերի որոշ ներկայացուցիչների առանձին գործողություններ՝ կապված մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու և այլնի հետ։

Նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների, որոնցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մնացածի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված քրեական վարույթներից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:

Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում առաջացել է մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի վերահսկողության տակ է անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին է վերադարձրել 156 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի: Ադրբեջանն, իր հերթին, հաղորդել է իր կողմից 80 զոհի մասին։

XS
SM
MD
LG