Ստեփանակերտում բացառում են Բաքվում ինտեգրման հարցերի քննարկումը

Արցախի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյան

Ստեփանակերտից մերժում են վերաինտեգրման շուրջ Բաքվում քննարկումներ անցկացնելու Ադրբեջանի իշխանությունների առաջարկը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր Արցախի ներկայացուցիչներին հրավիրել էին Բաքու՝ վերաինտեգրման շուրջ հերթական քննարկումներ անցկացնելու համար։

«Ադրբեջանի նախագահի վարչակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում», - ասված է նախագահ Ալիևի վարչակազմի այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Թե ինչո՞ւ է հանդիպման վայր ընտրվել հենց Բաքուն, ադրբեջանական կողմը չի մանրամասնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆՄեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը՝ ԼՂ հայերի հետ շփումների պատասխանատու. Արցախում հանդիպել են Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները

Թեև Արցախի նախագահի գրասենյակը ողջ օրվա ընթացքում պաշտոնական որևէ հայտարարություն չարեց, բայց խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բացառում են Բաքվի առաջարկի ընդունումը: Արցախի անկախությունը այլընտրանք չունի, իսկ հանդիպման պատրաստ են, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիպման հրավիրի 3-րդ երկիր՝ Արցախի ինքնորոշմանը հարցը քննարկելու օրակարգով։

«Հենց հարցադրումը միանգամից մերժման ենթակա է՝ ինտերգրման, վերաինտեգրման: Ինչի մասին է խոսք գնում, զենքը ձեռքներին մեր վրա պահած ինտեգրում են պարտադրում, չկա էդպիսի եզրույթ: Մենք կարող ենք ոչ թե բանակցել՝ վերաինտեգրվելու կամ ինտեգրվելու, ինչպես իրենք են ասում, այլ մենք պետք է բանակցենք մեր ինքնորոշման ճանաչման և մյուս հարցերով որպես հավասարը հավասարի հետ», - ասաց Հայրապետյանը:

Սեյրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ Արցախի խորհրդարանական ուժերը հայտարարություն են տարածելու՝ իրենց տեսակետը ներկայացնելով Բաքվի այսօրվա առաջարկի շուրջ։

Արցախի ներկայացուցիչներին Բաքու հրավիրելու առաջարկին զուգահեռ, Ադրբեջանը միաժամանակ շարունակում է սպառնալ համարժեք քայլերով։ Դարձյալ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանին՝ Լիսագորով Արցախ ռազմական տեխնիկա տեղափոխելու համար, Ադրբեջանի Պաշտպանության նախարարն անցած շաբաթ օրը ասել էր, թե «ադրբեջանական բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրադրությունն արհեստականորեն սրել փորձող Հայաստանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմի համարժեք պատասխան քայլերի»։ Հայկական կողմը ևս մեկ անգամ հերքել էր Ղարաբաղ զենք տեղափոխելու մասին Բաքվի պնդումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը կրկին պնդում է, որ Հայաստանը ռազմական բեռներ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ, Երևանը հերքում էԱդրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Արցախի Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ Բաքուն փորձում է ուժի սպառնալիքի միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Ինչ վերաբերում է հնարավոր ռազմական էսկալացիային, ապա Պաշտպանության հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է գնալ նման քայլի, պարզապես Արցախը պետք է պատրաստ լինի դրան։ Իսկ թե պատրա՞ստ է Ստեփանակերտը, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հորդորեց այդ հարցը տալ Հայաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին։

«Արցախցին պատրաստ է մինչև վերջին կաթիլ արյունը տալ, բայց զանգեք պաշտպանության նախարարին և վարչապետին, հարցրեք, ասեք՝ Արցախն ի՞նչ չափի է պատրաստ դիմակայելու և հնարավոր ի՞նչ ագրեսիայի», - նշեց նա:

Ադրբեջանից հնչող սպառնալիքների ֆոնին, Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով նաև ի պաշտոնե քաղաքացիական պաշտպանության պետն է, նախօրեին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկվելով ապաստարանների հարցը։ Նախագահ Արայիկ Հարությունյանն էլ երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը:

Ուրբաթ օրը հաղորդվեց, որ Ադրբեջանը դարձյալ արգելափակել է Արցախի գազամատակարարումը։