Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Նյու Դելիում Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Ասրյանը մասնակցել է նաև Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։
ԳՇ պետը Հնդկաստանում է մարտի 2-ից՝ գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Նյու Դելիում էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նյու Դելիում առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներըՀայ-հնդկական հարաբերությունները սկսեցին նկատելիորեն ակտիվանալ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Պակիստանը, որը մի շարք հարցերում Հնդկաստանի հետ հակամարտության մեջ է, Ադրբեջանին ցուցաբերեց դիվանագիտական և ռազմական աջակցություն։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական ոլորտում Երևանն ու Դելին «սկսել են փնտրել կոնկրետ ու երկարաժամկետ համագործակցության ուղիներ»