Խաղաղասեր և ժողովրդավարական Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և մեր տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում:
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում չափազանց կարևորում են բարեկամ Հնդկաստանի՝ տարեցտարի աճող հեղինակությունն այսօրվա արագ փոփոխվող աշխարհակարգում։
Հայաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է օժանդակել բարեկամ Հնդկաստանին տարբեր միջազգային հարթակներում, ասել է գործադիրի ղեկավարը։
«Մեր ժողովուրդների միջև հազարամյա պատմություն ունեցող կապերը նոր լիցք են ստացել հատկապես վերջին տարիներին», - ընդգծել է Փաշինյանը՝ դրա լավագույն վկայությունը համարելով օրեցօր աճող և զարգացող փոխշահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում:
Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ «երկուստեք ջանքերի շնորհիվ նորանոր հաջողություններ կգրանցվեն՝ ի բարօրություն մեր բարեկամ երկրների և ժողովուրդների»:
44-օրյա պատերազմից հետո նկատելիորեն ակտիվացել են հայ-հնդկական հարաբերությունները, օրակարգում, մասնավորապես, ռազմական համագործակցության հարցն է։