Մատչելիության հղումներ

Նյու Դելիում առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները


Հնդկաստանի մայրաքաղաքում մեկնարկած միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապության հարցն են կարևորվել՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն։

«Հաստատվել են միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցությունն առաջ մղելու մոտեցումները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ», - նշված է հաղորդագրության մեջ։

Երկու նախարարների հանդիպումն անցել է մամուլի համար փակ դռների ետևում։ Ռուսական կողմի կարճ հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահելի մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների վերաբերյալ։

Պաշտոնական Մոսկվան վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել է, որ քննարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման հարցը: Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպում նախատեսված էր անցած տարվա դեկտեմբերին, սակայն հայկական կողմը չգնաց Մոսկվա՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառաբանությամբ։ Հետագայում բանակցություններին չգնալը մի քանի շահարկվեց թե՛ Բաքվի, թե՛ Մոսկվայի կողմից։

Հայաստանի արտգործնախարարը փետրվարի սկզբին էր ասել, որ այդ հանդիպումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել. - «Մենք որոշակի հարմար պահի կգործարկենք նորից այդ հետաձգված հանդիպումը»:

Սակայն մինչև օրս հստակ չէ, թե երբ կկայանա այդ հանդիպումը, կողմերի այսօրվա հաղորդագրություններից էլ պարզ չի դառնում։

«Էս փուլում և էս կոնֆիգուրացիայում ես շարունակում եմ պնդել, որ մոսկովյան ֆորմատով հանդիպման Հայաստանը չպետք է գնա, քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը», - ասում է քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Նա «տոքսիկ մրցակցություն» է տեսնում այստեղ՝ ընդգծելով, որ Արևմուտքը ևս հայ-ադրբեջանական հանդիպման հնարավորության մասին է խոսում, և հիմա Մոսկվան փորձում է ղեկը նորից իր ձեռքն առնել. - «Արդեն ոչ թե մրցակցությունը գնում է, թե ով ավելի լավ բովանդակություն կարող է ապահովել, կամ ով ավելի առաջ կտանի խաղաղության գործընթացը, այլ դա հենց տոքսիկ մրցակցություն է, թե ում մոտ կլինի հանդիպումը՝ անկախ նրանից, թե ինչ բովանդակություն կլինի, կամ ինչ առաջընթաց կլինի գրանցած»։

Մրցակցություն նկատում է նաև քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։ Համադրում է երկու փաստ. Մոսկվայից և Արևմտուքից վերջին օրերին դրաան ազդակներ են գալիս, Լավրովը հասկացնել տվեց, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի հարց չի քննարկվում, Գերմանիայի կանցլերն էլ կարևորեց ԼՂ-ի հարցում ազգերի ինքնորոշման իրավունքը։

Արմեն Բաղդասարյան
Արմեն Բաղդասարյան

Ուստի, ըստ Բաղդասարյանի, թե որտեղ կկայանա հաջորդ եռակողմ հանդիպումը, կախված է մի փոքր, բայց կարևոր դետալից. - «Դա նշանակում է, որ միջնորդական առաքելության համար պայքարը թեժանում է և խաղադրույքները բարձրանում են։ Հիմա թե որտեղ կլինի հաջորդ հանդիպումը, պարզ ասած՝ որ միջնորդական առաքելության նախապատվություն կտա Հայաստանը, դա առավելապես կախված է Ռուսաստանի դիրքորոշումից։ Որովհետև եթե Ռուսաստանը նույնպես հայտարարի, որ Արցախի կարգավիճակի հարց, այո, այնուամենայնիվ գոյություն ունի, և դա պիտի որոշվի ազգերի ազատ ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա, այդ դեպքում, վստահ եմ, ռուսական հարթակը հայկական կողմը կնախընտրի և անպայման կօգտագործի։ Եթե Ռուսաստանը նման բան չհայտարարի, դրանով իսկ հայկական կողմին ուղղակիորեն դրդած կլինի, որ հայկական կողմը նախապատվությունը տա արևմտյան հարթակներին»։

Այսօրվա հանդիպման մասին պաշտոնական Երևանը, առանց հստակ մանրամասների, հաղորդեց, որ Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը։

Նյու Դելիում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Ըստ հայկական կողմի, Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար կարևոր է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը։

Անդրադարձել են նաև փետրվարի 20-ից Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը։

Ընդամենը չորս օր առաջ Ռուսաստանի արտգործնախարարը Բաքվում Ադրբեջանի արտգործանախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ բացասաբար էր արձագանքել Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայմանը՝ հերթական անգամ պնդելով, թե Բրյուսելը Հարավային Կովկասում գործում է ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ։ Չնայած ռուսական կողմի այս հայտարարություններին, Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին հանդիպելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե եվրոպական նոր առաքելությունը կնպաստի տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG