Մատչելիության հղումներ

Ռազմական ոլորտում Երևանն ու Դելին «սկսել են փնտրել կոնկրետ ու երկարաժամկետ համագործակցության ուղիներ»  


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային, 4-ը հուլիսի, 2022թ.
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային, 4-ը հուլիսի, 2022թ.

44-օրյա պատերազմից հետո նկատելիորեն ակտիվացած հայ-հնդկական հարաբերությունների օրակարգում ռազմական համագործակցության հարցն է։ Ընդ որում, ինչպես այսօր հայտարարվեց Երևանում Հայաստանի ու Հնդկաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը, պաշտպանության ոլորտում կողմերը հակված են երկարաժամկետ համագործակցության։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն առավոտյան ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանին, ով ժամանել է` մասնակցելու հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:

«Պաշտպանության ոլորտում սկսել ենք փնտրել կոնկրետ համագործակցության ուղիներ։ Այս ոլորտում երկարատև համագործակցության ուղիներ ենք փնտրում։ Առևտրի ու տնտեսության բնագավառում պրոդուկտների, սեկտորների ու ենթասեկտորների որոշակիացման գործընթաց ենք մեկնարկել, ուր կարող ենք առաջ գնալ։ Երկկողմ ներդրումների պակաս կա։ Իմ, մեր կառավարության պարտականությունն է քաջալերել հնդկական արդյունաբերությանը, գործարարներին՝ Հայաստանում ներդրումներ կատարել, որովհետև հնարավորությունները, ներուժը մեծ են», - ասաց Սանջայ Վերմանը։

Հայաստանի ԱԳ նախարարի ու Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի համանախագահությամբ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացումը
Հայաստանի ԱԳ նախարարի ու Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի համանախագահությամբ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացումը

Թե ռազմական ոլորտում կոնկրետ ինչ համագործակցության մասին է խոսքը, հնդիկ պաշտոնյան չմանրամասնեց։

Ադրբեջանի հետ պատերազմից առաջ՝ 2020թ.-ի մարտին, հնդկական մամուլը գրեց, թե Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի, Լեհաստանի և Հնդկաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից ընտրել է հենց վերջիններին, և Դելին Երևանին պետք է մատակարարի 50 կիլոմետր շառավղով հրետանու արկերի և տարաբնույթ հրթիռների ուղղությունը, արագությունը որոշող նորագույն չորս՝ Swathi ռադարներ՝ 40 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որոնք առաջին անգամ մատակարարվել են հնդկական բանակին 2018թ.։

Պաշտոնական աղբյուրները, սակայն, լռում են՝ արդյո՞ք Հայաստանը գնեց այդ ռադարները։

Նախորդ մեկ տարուց պակաս էլ ժամանակահատվածում Հայաստանի ու Հնդկաստանի արտգործնախարարները հանդիպել են երեք անգամ, որոնցից մեկը անցած հոկտեմբերին Սուբրամանյամ Ջայշանկարի այցն էր Երևան՝ աննախադեպ երկու պետությունների պատմության ընթացքում։ Նախարար Միրզոյանն այսօր այդ այցը «շատ կարևոր» բնութագրեց և ասաց, որ հենց այդ ժամանակ էլ մշակվել է երկկողմ համագործակցության «հավակնոտ ճանապարհային քարտեզ», որը կյանքի է կոչվում:

«Անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը, առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների և գործարարների համար», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Հայաստանի համար վտանգավոր է պաշտպանության ոլորտում կապված լինել բացառապես Ռուսաստանի հետ. վերլուծաբան

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով` 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած զարգացումները ցույց տվեցին, թե Հայաստանի համար որքան վտանգավոր է պաշտպանության ոլորտում գրեթե բացառապես Ռուսաստանից կախված լինելը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյան, արխիվ
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյան, արխիվ

«Զենքի հարցում Հայաստանն այս պահի դրությամբ, կարծես թե, ունի լուրջ խնդիրներ, որովհետև մեր հիմնական զենքի մատակարար երկիրը` Ռուսաստանն ունի խնդիր անգամ սեփական կարիքները բավարարելու ուղղությամբ, ուր մնաց թե դաշնակիցներին կամ իր տնտեսական պարտնյորներին զենք վաճառելու ուղղությամբ, փոխարենը Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, և բնական է, որ արևմտյան երկրները կասկածամտորեն կվերաբերվեն Հայաստանին զենք վաճառելու առաջարկներին: Այս պարագայում Հայաստանին պետք են այլ արտադրողներ, այլ շուկաներ, որտեղից հնարավոր կլինի հարձակվողկան և պաշտպանողական զինատեսակներ ձեռք բերել, և այդպիսի դեր, չի բացառվում, որ վերցնի Հնդկաստանը», - կարծում է նա:

Հայ-հնդկական քաղաքական նման մերձեցումն ընթանում է տնտեսական հարաբերությունների զարգացման ֆոնին։ Վիճակագրական կոմիտեի համաձայն` 2017-2021թթ. ընթացքում երկկողմ առևտուրն աճել է ավելի քան չորս անգամ՝ հասնելով 216 միլիոն դոլարի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG