Ռուսաստանը այս տարի կմեծացնի միջուկային զինանոցը. Վլադիմիր Պուտին

Ուկրանիայի դեմ սկսած լայնածավալ պատերազմի տարելիցի նախօրյակին նախագահ Պուտինը, շնորհավորելով ռուսաստանցիներին «Հայրենիքի պաշտպանի» օրվա կապակցությամբ, հայտարարել է, որ Ռուսաստանը այս տարի կմեծացնի միջուկային զինանոցը։

«Այս տարի մարտական հերթապահություն են մտել «Սարմատ» հրթիռային համակարգի առաջին արձակողները՝ նոր ծանր հրթիռով։ Մենք կշարունակենք «Կինժալ» օդային արձակման հիպերձայնային համակարգերի սերիական արտադրությունը և կսկսենք «Ցիրկոն» ծովային հիպերձայնային հրթիռների զանգվածային մատակարարումները», - ասել է նա։

Բացի դրանից, առաջիկա տարիներին Ռուսաստանի ռազմածովային ուժերը կհամալրվեն միջուկային էներգիայով աշխատող ևս երեք սուզանավերով, խոստացել է Պուտինը, իսկ զորքերը կստանան նաև «հարվածային նոր համակարգեր, հետախուզական և կապի սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր»։

Միջուկային զինանոցը մեծացնելու խոստումներից երկու օր առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը միջուկային զենքի սահմանափակման պայմանագրին, խորհրդարանն էլ շատ արագ հաստատել էր օրինագիծը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ խորհրդարանի երկու պալատները հաստատեցին միջուկային պայմանագրում Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու մասին օրինագիծը

Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը սահմանում է միջուկային մարտագլխիկների առավելագույն քանակը, արգելում է Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին ռազմավարական միջուկային զենք տեղակայել իրենց տարածքներից դուրս, պարտավորեցնում է նրանց չթաքցնել միջուկային հրթիռները հետախուզական սարքավորումներից և ապահովել միմյանց տեսուչների մուտքը այն ռազմաբազաներ, որտեղ միջուկային զենք կա։

Երկու օր առաջ Դաշնային ժողովին հղած իր ուղերձում Պուտինը շեշտել էր՝ Մոսկվան ոչ թե դուրս է գալիս պայմանագրից, այս սառեցնում է իր մասնակցությունը, հաջորդ օրն էլ Կրեմլի խոսնակը պարզաբանել էր՝ Մոսկվան կվերադառնա պայմանագրին, եթե ՆԱՏՕ-Ն ու Միացյալ Նահանգները հաշվի նստեն Ռուսաստանի շահերի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը «մեծ սխալ» է համարում միջուկային պայմանագրում Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու Պուտինի որոշումը

Ռուսաստանի այս քայլն արժանացավ Արևմուտքի կոշտ քննադատությանը, արևմտյան առաջնորդները հայտարարեցին, որ Պուտինը միտումնավոր ոչնչացնում է միջազգային անվտանգության համակարգը։

Ամերիկացի փորձագետ Ջասթին Բրոնքի համոզմամբ՝ Մոսկվան ժամանակ առ ժամանակ կիրառում է միջուկային զենքի սպառնալիքը, քանի որ Արևմուտքը դրան ցավոտ է արձագանքում․ - «Միջուկային զենքի շուրջ ընդհանուր առմամբ հետաքրքիր դինամիկան այն է, որ դրանց կիրառման սպառնալիքը դեռևս օգտակար քաղաքական գործիք է ռուսների համար, քանի որ մենք դեռևս արձագանքում ենք դրան: Իրականում միջուկային զենքի օգտագործումը գործնականում բացարձակապես ոչ մի օգուտ Ռուսաստանին չի բերի»։

Երեկ բացելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգը նիստը՝ միջուկային սպառնալիքին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը. - «Այսպես կոչված մարտավարական միջուկային զենքի կիրառումը լիովին անընդունելի է, ժամանակն է նահանջելու եզրագծից։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն ականատես եղանք տառապանքների և ավերածությունների, այլ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ իրավիճակը կարող է դեպի ավելի վատը փոխվել»։

Ռուսական ուժերը մոտ են Բախմուտը շրջափակելուն


Միջուկային զենքի կիրառման մտահոգություններին ֆոնին Ուկրաինայի արևելքում շարունակվում են կատաղի մարտերը, տարբեր, այդ թվում ուկրաինական աղբյուրների համաձայն՝ ռուսական ուժերը մոտ են Բախմուտը շրջափակելուն։

Կիևից հայտնում են, որ, անկախ Բախմուտի շուրջ զարգացումներից, առաջիկայում ուկրաինական ուժերը կանցնեն հակահարձակման։ Երբ և որ հատվածում, դեռ հայտնի չէ։ Արևմտյան առաջնորդներն էլ շարունակում են հայտարարել՝ Ռուսաստանը չպետք է հաղթի պատերազմում, և Արևմուտքը կանի հնարավորը Ուկրաինային այդ հարցում օգնելու համար։

Վաղը լրանում է Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի մեկ տարին։