Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և SITU Research վերլուծական կենտրոնն այսօր հրապարակել են համատեղ ջանքերով անցկացված հետաքննության զեկույցը, որով պնդում են, որ ռուսական կողմն է պատասխանատվություն կրում Կրամատորսկ քաղաքի կայարանի դաժան հրթիռակոծության համար:
Զեկույցում 2022 թվականի ապրիլի 8-ին Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծումը որակվում է որպես «պատերազմի հանցագործություն»:
Հրթիռային հարվածի պահին կայարանի տարածքում եղել են Կրամատորսկից գնացքով փախուստի դիմելու համար հավաքված մեծ թվով մարդիկ: Պայթյունից զոհվել է 58 խաղաղ բնակիչ, մոտ 100 մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ըստ զեկույցի՝ ռուսները կայարանին հարվածել են միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային մարտագլխիկով, որի պայթյունից տասնյակ փոքրիկ ռումբեր են արձակվում:
Ռուսաստանը հերքում է մեղադրանքը: Կրամատորսկի կայարանի հրթիռակոծումը համարվում է անցյալ տարվա փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի գրոհներից մեկը: