Մատչելիության հղումներ

Բայդեն․ Արդեն այս շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն


Լեհաստան - ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը ելույթ է ունենում Վարշավայում, 21-ը փետրվարի, 2023թ.
Լեհաստան - ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը ելույթ է ունենում Վարշավայում, 21-ը փետրվարի, 2023թ.

«Արդեն այս շաբաթ Միացյալ Նահանգներն ու դաշնակից պետությունները կհայտարարեն Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների մասին», - երեքշաբթի երեկոյան Վարշավայում, դիմելով քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հավաքված հազարավոր մարդկանց, հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը Լեհաստան էր ժամանել Կիև կատարած անակնկալ այցից հետո, և առաջինը, ինչ արեց Բայդենը Վարշավայում, այդ ուղևորությունից ստացած տպավորություններով կիսվելն էր։

«Մեկ տարի առաջ աշխարհը սպասում էր Կիևի անկմանը։ Ես, սակայն, նոր եմ վերադարձել Կիևից և կարող եմ ձեզ զեկուցել՝ այն կանգուն է, հպարտ է և ամենակարևորը՝ այն ազատ է», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։

Ջոզեֆ Բայդենի խոսքով` Ռուսաստանի նախագահի նախապատերազմական հաշվարկներից որևէ մեկն այդպես էլ չարդարացավ՝ նախևառաջ ուկրաինացիների համառ դիմադրության և Հյուսիսատլանտան դաշինքի միասնության շնորհիվ։

«Պուտինն այլևս որևէ կասկած չունի մեր կոալիցիայի ուժի մեջ։ Նա, սակայն, դեռևս կասկածում է, թե որքանո՞վ ենք մենք նվիրված այս գործին, արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակական կլինի, և արդյո՞ք ՆԱՏՕ-ն միասնական կմնա։ Կասկածները, սակայն, անհիմն են։ Ուկրաինային ցուցաբերվող մեր աջակցությունն անսասան է, ՆԱՏՕ-ն չի պառակտվի, մենք էլ չեն հոգնի», - վստահեցրեց ԱՄՆ նախագահը։

Վարշավայում ունեցած ելույթում Միացյալ Նահանգների նախագահը ոչ ուղղակիորեն անդրադարձավ պատերազմի ավարտի հնարավորությանը՝ նշելով, որ «պաշտպանական հաղթանակները հեշտությամբ չեն տրվում»։ Դրա հետ մեկտեղ, Սպիտակ տան ղեկավարը նշում էր՝ Ուկրաինային աջակցող արևմտյան պետությունները Ռուսաստանի պահանջներին չեն ընդառաջելու։

«Ավտոկրատ առաջնորդին չի կարելի խաղաղեցնել, հակառակը՝ նրանց հարկավոր է ընդդիմանալ։ Այդպիսի առաջնորդները միայն մեկ բառ են հասկանում՝ ոչ։ Այնպես որ, Ռուսաստանը Ուկրաինայում հաղթանակի չի հասնի», - հայտարարում էր Բայդենը։

Ընդհանուր առմամբ, ըստ Ջո Բայդենի, Ռուսաստանի նախագահն իր առջև դրված գլոբալ խնդիրներին ևս չի կարողացել հասնել։ «Նրան թվում էր, թե Ուկրաինայի դեմ հարձակմամբ Արևմուտքը թուլանալու է, սակայն տեղի ունեցավ հակառակը», - համոզված է Միացյալ Նահանգների նախագահը։

«Նրան թվում էր, թե կարող է հասնել ՆԱՏՕ-ի «ֆինլանդիզացիային», փոխարենը, սակայն, տեղի է ունենում Ֆինլանդիայի և Շվեդիայի նատօիզացիան», - հայտարարում էր Բայդենը։

Միացյալ Նահանգների նախագահի այս բառախաղի հիմքում «սառը պատերազմի» տարիներին միջազգային դիվանագիտական լեքսիկոնում ի հայտ եկած «ֆինլանդացիզացիա» եզրույթն էր։ Դրանով մասնագետները նկարագրում էին այս կամ այն մեծ տերության՝ հարևան ավելի փոքր երկրի վրա ունեցած անհամաչափ մեծ ազդեցությունը՝ վերջինի անկախության և քաղաքական համակարգի պահպանման պայմաններում։

XS
SM
MD
LG