Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի թիմում նպատակահարմար չեն համարում արտահերթ ընտրությունները, երբ Արցախում հումանիտար ճգնաժամ է։
«Այս պահին ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա», - ասաց պետնախարար Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ Արցախի կառավարության օրակարգում կարևոր մեկ հարց կա՝ շրջափակված Արցախին սպառնացող մարտահրավերներին դիմակայելը։
Իսկ նախագահ Հարությունյանի կուսակիցը՝ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանը առաջադրվելու մտադրություն է հայտնել։ Արցախի պաշարման առաջին շաբաթներին դեռ Թովմասյանը բացեց արտահերթ ընտրությունների թեման։
«Ես ասել եմ՝ չի բացառվում», - այսօր ասաց Թովմասյանը։
Օրեր առաջ էլ նախագահ Հարությունյանի նախաձեռնությամբ օրակարգ եկավ Սահմանադրության փոփոխության հարցը։ Մասնավորապես նախագահի ընտրության դրույթը։ Որ եթե նախագահը հրաժարական տա, Ազգային ժողովի միջոցով հնարավոր լինի նորին ընտրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ է Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց նախաձեռնում. Արցախից տարբեր տեսակետներ են հնչումԳործող սահմանդրությամբ գործընթացն ավելի բարդ է, խորհրդարանն էլ պետք է լուծարվի, համապետական ընտրություններ լինեն։
«Ընդամենը այդ մի հոդվածի փոփոխություն է նախաձեռնվել։ Այս պահին ավել տեղեկություն չունեմ, թե ինչ ընթացքում է», - նշեց Մեսրոպ Առաքելյանը։
Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ էլ կար, որով նաև կառավարման համակարգը պետք է փոխվեր։ Ամիսներ շարունակ քննարկեցին ու այդ էջը փակեցին։ Ինչո՞ւ են մասնավորապես այս դրույթը փոխում, գուցե արտահերթի՞ն են պատրաստվում։ Հատկապես, երբ Ազգային ժողովի նախագահը չի բացառում դա։
«Հուսով եմ, քաղաքական ուժերը կզբաղվեն այն օրակարգով, որը առկա է այսօր, այսինքն՝ առկա մարտահրավերներին դիմակայելն է։ Ընտրություններին դեռ երկու տարի ժամանակ կա», - նշեց Առաքելյանը։
Սահմանադրության փոփոխությունը թեժ քննարկումների տեղիք է տվել, թե Արցախում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
Իշխանության փոփոխության հարցը սրվել է պատերազմից հետո, ասում է Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Բայց նա թերահավատ է, որ Արայիկ Հարությունյանն այս փուլում իր կամքով կհեռանա. - «Ես հակված եմ մտածելու, որ դա խաղ է։ Որ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես չի էլ պարտաստվում լքել իր աշխատասենյակը, հակառակը, ինքը դրանով ուղղակի ամեն անգամ ուզում է ցույց տալ, որ ինքը անփոխարինելի է, որ տեսեք, ինչ-որ քայլեր է անում, բայց, ցավոք սրտի, չի ստացվում, ինքը ուզում է գնալ, բայց չի ստացվում»։
«Արդարություն» խմբակցության պատգամավորի կարծիքով, արտահերթի կեղծ տպավորություն է ստեղծում նախագահը, փորձում մոլորեցնել հանրությանը. - «Հաջողվեց ի վերջո Արայիկ Հարությունյանին մոլորության մեջ գցել բոլորին»։
Արցախում նախագահական հերթական ընտրությունները 2025 թվականին են։ Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո, երբ նրա հրաժարականն էին պահանջում, խոստացավ պատեհ պահի հեռանալ։ Նրա կուսակից Արթուր Թովմասյանի կարծիքով, Հարությունյանը չի առաջադրվի, նա խոստացել է եւ դժվար թե մտափոխվի։
«Շատ անլուրջ է պահվածքը և' երկրի նախագահի, և' իշխող կուսակցության», - ասաց Մետաքսե Հակոբյանը։
Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի կարիք չունի, խորհրդարանով էլ կհաստատվի։ Ամիսների հարց է։ Արդյո՞ք ընդդիմությունը քննարկում է արտահերթի դեպքում սեփական թեկնածուի հարցը։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ քննարկումների ժամանակը չէ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ չի կարող առաջադրվել, Սահմանադրությամբ պետք է վերջին տասը տարում մշտապես Արցախում բնակված լիներ։
«Ռուբեն Վարդանյանը այս պահին իր պաշտոնի շրջանակներում զբաղված է այս ճգնաժամի հաղթահարմամբ, մասնավորապես՝ գլխավորում է օպերատիվ շտաբը։ Որևէ քաղաքական գործընթացներում ներառված չէ ինքը», - փոխանցեց պետնախարարի խորհրդականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ68 օր շրջափակված Արցախի ներիշխանական կյանքն էլ խաղաղ չէ։ Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի հակասություններն անթաքույց են։ Ասում է ընդդիմադիր պատգամավոր Հակոբյանը. - «Հակասությունն ակնհայտ է նաև անզեն աչքով։ Որոշ ժամանակ առաջ, երբ Ռուբեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Արդեն իսկ ակնհայտ էր, որ ճնշումներ կան, պահանջ կա նախագահի կողմից, որպեսզի պետնախարարը հրաժարական տա»։
Պետնախարարն ու նախագահը տարբեր հայացքներ, մոտեցումներ ունեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանը դիմադրում է ադրբեջանցիների պահանջներին։ Այս հռետորաբանությունը արցախցիներին, ընդդիմադիր պատգամավորի տպավրությամբ, գոտեպնդում է. - «Մարդիկ նույնիսկ մինչև շրջափակումը ավելի ընկճված էին, քան շրջափակումից հետո։ Որովհետև մի տեսակ մեծ պայքարի ոգի կա Արցախում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում արտահերթ ընտրությունների հարցը «օրակարգից դուրս է եկել»105 օր է Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարարն է։ Այսօր ընդլայնված կազմով նիստ է հրավիրել ու խոսել իր պաշտոնավարման մասին. - «Շանսերը, որ մենք կարող ենք հաղթահարել այս իրավիճակը, ցածր են։ Բայց դա բարձր է, քան զրոն։ Եվ ես նորից վստահ եմ ասում, որ ժողովուրդը, ում հետ ես շփվել եմ, ցույց են տալիս, որ մենք պատրաստ ենք, մենք ձեր կողքը կանգնած ենք, մեզ մի դավաճանեք մենակ, մենք կդիմանանք։ Եվ այդ վերաբերմունքը մենք պետք է շատ գնահատենք»։
Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանը դեմ են ադրբեջանցիները, նրանց պահանջներից մեկն էլ նրա հրաժարականն է։ Վարդանյանը այն եզակի պետնախարարն էր, որին Արայիկ Հարությունյանը նախորդների համեմատ լայն լիազորություններ տվեց։