Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրերը, հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տա: Միաժամանակ Վարդանյանը անընդունելի է համարել երկրի նախագահի, նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ավելին, Ռուբեն Վարդանյանը շեշտել է՝ այս իրավիճակում ադրբեջանական օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չկա:
Այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահը չէր բացառել արտահերթ նախագահական ընտրությունները։
«Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում», - նշել է նախարարը։