Մատչելիության հղումներ

Ստեփանակերտից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են լուրերը, թե Արցախի նախագահն ու պետնախարարը Մոսկվա են գնացել


Արցախի նախագահն ու պետնախարարը բլոկադան ճեղքել ու Մոսկվա են գնացել՝ երկու օր է պտտվում է այս տեղեկատվությունը, առանց հերքման կամ հաստատման:

«Մամուլում եղած այդ բովանդակությամբ լուրերը չենք մեկնաբանում», - ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Արցախի նախագահի մամլո խոսնակը տեղեկությունը չի մեկնաբանում, կառավարության լրատվականը նույնպես։ Նկատենք, որ թե՛ Արայիկ Հարությունյանի ու թե՛ պետնախարարի լրատվականները չեն էլ հերքում: Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ Արայիկ Հարությունյանն արդեն գնացել- եկել է, իսկ Ռուբեն Վարդանյանը դեռ Մոսկվայում է:

Թե ի՞նչ ճանապարհով, Պետրոսյանը պատասխանեց. «Միգուցե ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչով է դուրս եկել, հստակ չեմ կարող ասել, բայց որ այստեղ չի գտնվում, դա իրականություն է»:

Նախագահ-պետնախարար խմորումներ են, ըստ Պետրոսյանի, հենց դա էլ նրանց ոչ միասին, այլ հերթով տարել է Մոսկվա:

«Մենամարտ է գնում, այսպես ասեմ, Արայիկ Հարությունյանը, որ գնաց-եկավ, ինքը ակտիվ տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է անցկացնում և այդ ամբողջ հանդիպումները միտված են նրան, որպեսզի Ռուբենին հանեն այստեղից», - ընդգծեց նա:

Տիգրան Պետրոսյանն ասում է՝ այժմ էլ Հարությունյանի թիմակիցները լուրեր են տարածում, որ Ռուբեն Վարդանյանը կա՛մ չի վերադառնալու, կա՛մ վերադառնալու է հրաժարականի թուղթը ձեռքին. - «Տեղեկություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ էլ է հանդիպել ու տեղեկություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է դեմ Ռուբեն Վարդանյանին»:

Վերջին շաբաթներին Հայաստանի վարչապետը Արցախի նախագահին ընդունե՞լ է, կառավարության լրատվականից այս հարցի պատասխանն ստանալ չհաջողվեց։ Արայիկ Հարությունյանի թիմակիցներից արցախցի խորհրդարանական Արամ Հարությունյանը նախագահի տեղաշարժի մասին խոսել չցանկացավ, բայց վստահեցրեց՝ նախագահ- պետնախարար որևէ հակադրություն, պայքար, թշնամանք չկա:

«Ես կարծում եմ՝ սա շահարկում է, որովհետև Ռուբեն Վարդանյանին Արցախում պաշտոն զբաղեցնելու առաջարկ է արել Արայիկ Հարությունյանը: Որևէ ներքին հակադրություն գոյություն չունի, կարող է ինչ-որ մոդելների մեջ տարբեր մոտեցումներ ունենան նախագահն ու Ռուբեն Վարդանյանը, բայց հակադրություն առհասարակ, որը կարող է թշնամանքի կամ ինչ-որ պայքարի վերածվել, միանշանակ չկա», - նշեց Արամ Հարությունյանը:​

Երեք օր առաջ Արայիկ Հարությունյանը իրավապահների հետ էր հանդիպել, նրանց հանձնարարել իրավական գնահատական տալ Արցախում ներքին անկայունություն հրահրողներին. - «Ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ»:

Ովքե՞ր են հրահրում, պատգամավոր Հարությունյանն ասում է՝ արտախորհրդարանական խմբեր են, որ Արցախի այս դժվար օրերում մեղավորներ են փնտրում, այնինչ մեղավորը մեկն է Ադրբեջանը. - «Գեներացնում են թեզեր, թե ինչ-որ գումարներ են յուրացվում, թե ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ կան, փորձելով հանրության մեջ անվստահություն ձևավորել»:

Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանը հակառակն է պնդում. - «Արայիկ Հարությունյանը հիմա զբաղված է հանրության պառակտմամբ: Տարիներ շարունակ այդ գործով է զբաղված»:​

Ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանը վստահ է՝ նախագահ-պետնախարար սրացման պատճառը՝ երկրի ապագայի վերաբերյալ տարակարծությունները չեն, փողն է, ասում է՝ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստուգումներ են իրականացվել Արցախի ներդրումային ու գյուղաջակցության հիմնադրամներում, բացահայտվել միլիոնավոր գումարների չարաշահումներ:

«Առանց Արայիկ Հարությունյանի այնտեղ մեծ գումար չի շարժվում, բոլոր այդ մեծ վարկերը ուղիղ Արայիկ Հարությունյանի ցուցումով էին տալիս մարդկանց», - նշեց նա:

Իսկ Արցախի նախագահը՝ նույն իրավապահների հետ հանդիպման ժամանակ նրանց հանձնարարեց երկու հիմնադրամների գումարները փոշիացրած անձանց գտնել, պետությանը պատճառած վնասը վերականգնել. ասաց՝ անձամբ է վերահսկելու գործընթացը:

«Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ պաշտոնյա կամ պետական մարմին, ով կարող է խոչընդոտել պետությանը պատճառված վնասները վերականգնելու, հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործին», - հայտարարել է Արցախի նախագահը:​

Կրկես է՝ այս ելույթին հետևել ու գնահատում է Պետրոսյանը, արցախցիների մի խմբով սպասում են Վարդանյանի վերադարձին, եթե հրաժարականով եկավ, ասաց՝ դիմելու են կոշտ միջոցների։ Պաշարված Արցախում պետնախարարի ու նախագահի հրաժարականի լուրեր էլի են եղել, լուրերին առայժմ ոչինչ չի հետևել։

XS
SM
MD
LG