Մատչելիության հղումներ

Ներքաղաքական պայքարն այս իրավիճակում Արցախի համար անթույլատրելի է. Հակոբ Բադալյան


Ողջունելի է, որ Արցախում խմորումները ծավալում չունեցան, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ: Մինչ այդ համառ լուրեր էին շրջանառվում պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին: Բադալյանը կարծում է՝ ներքաղաքական պայքարն այս իրավիճակում Արցախի համար անթույլատրելի է:

«Եթե հիմա այս երկօրյա աժիոտաժից հետո Արցախի ղեկավարությունից հնչում են այդ ազդակները, սա, իհարկե, ողջունելի է, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե օջախը, որից եղան այդ բռնկումները, արդյոք չեզոքացված է, թե՞ ներսում կգնան պրոցեսներ, որոնք իքս պահի կարող են նորից ինչ-որ բռնկում ունենալ: Հետևաբար, շատ կարևոր է, որ այդ պատճառները ևս աստիճանաբար վերացվեն աշխատանքով, որովհետև իրապես հասկանալի է, որ հատկապես շրջափակված Արցախի պայմաններում այդպիսի ներքին աժիոտաժը որևէ կերպ չի կարող նպաստել Արցախի անվտանգությանը և պաշտպանվածությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Բադալյանի խոսքով՝ գլխավոր շահառուն ցանկացած տեղի ունեցող իրավիճակի Արցախի 120 հազար բնակչությունն է. «Եվ քաղաքական վերնախավը, ցանկացած պաշտոնյա և ընդհանրապես քաղաքական ուժերը պետք է պատասխանատու և հաշվետու լինեն արցախցիների առաջ և պետք է նրանց շատ հստակ բացատրեն, հիմնավորեն իրենց ամեն մի խոսք և ամեն մի գործ, իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է զերծ մնալ այդ ներքին վայրիվերումներից և ներքին ցնցումներից, որովհետև դրանք որևէ օգտակար բան չեն կարող պարունակել և կարող են օգտակար լինել միայն Ադրբեջանի համար»:

«Ազատություն». - Երևանն այստեղ անելիք ունի՞:

Հակոբ Բադալյան. - Ես կարծում եմ՝ Երևանի անելիքն առաջին հերթին՝ չվնասել, այսինքն՝ չանել բաներ, որոնք էլ ավելի կարող են խթանել ներարցախյան հակասություններ և ներարցախյան պայքար: Երկրորդը՝ ազդակներ հղել՝ կոչ անելով չգնալ այդպիսի քայլերի, և երրորդը՝ իհարկե, փորձել օգնել Արցախին դիվանագիտական դաշտում ապաշրջափակման հարցը լուծելու համար, որովհետև այստեղ, ըստ իս, Երևանն ունի, իհարկե, առանցքային անելիք, այն իմաստով, որ որքան էլ նոյեմբերի 9-ի փաստաթղթի վեցերերորդ կետում Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանք, և ռուսական վերահսկողությունն է Լաչինի վրա, այնուհանդերձ այդ փաստաթղթի ստորագրող երրորդ կողմն էլ Հայաստանն է, և այդ փաստաթուղթը մեծ հաշվով քաղաքական պատասխանատվություն է դնում երեք կողմի վրա:

Հետևաբար, Հայաստանն այստեղ ունի խնդիր՝ դիվանագիտական իր ամբողջ գործիքակազմով աջակցել, որպեսզի առնվազն Արցախի խնդիրը, Արցախի ապաշրջափակման խնդիրը լինի միջազգային օրակարգում, և այդ աջակցությամբ նաև հոգեբանական ամրությունն ապահովել Արցախի:

XS
SM
MD
LG