Արցախի Ազգային ժողովի նախագահը չի բացառում արտահերթ նախագահական ընտրությունները։ Արթուր Թովմասյանը հայտարարում է նաև իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ուզում է անկեղծ լինել ու Արցախում արտահերթի թեմայով զրույցները պատերի տակից բերել քաղաքական հարթություն։
34 օր է՝ Արցախը շրջափակված է, ադրբեջանցիները փակել են աշխարհին կապող միակ ճանապարհը ու չեն հեռանում։ 120 հազար մարդ զրկվել է կյանքի տարրական իրավունքներից։ Այս հումանիտար ճգնաժամի օրերին ինչո՞ւ հանկարծ խորհրդարանի խոսնակը որոշեց քննարկել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հարցը։
Արթուր Թովմասյանը շեշտում է՝ եթե խոսում են ընտրություններից, ինքն էլ իր թեկնածության մասին է հայտարարում. «Ինձ թվում է, որ արդեն կքննարկեն, եթե պատերի տակ խոսում են, ուրեմն կա չէ՞ այդպիսի բան, ես փորձում եմ ազնիվ լինել ապագա թեկնածուների հետ, որ ես մասնակցելու եմ»:
«Ես դա համարում եմ ոչ լուրջ պահվածք». ընդդիմադիր պատգամավոր
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տարակուսած է Թովմասյանի այսօրվա հայտարարությունից. «Ես դա համարում եմ ընդհանրապես ոչ լուրջ պահվածք»:
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է՝ այս ճգնաժամային փուլում նման գործընթացի մասին չեն էլ մտածում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության ներկայացուցչի հայտարարությունից Մետաքսե Հակոբյանը ենթադրում է, որ իշխանության մտքին կա արտահերթ, ու այսպիսով քարոզարշավ են սկսել։
«Մենք այս փուլում չենք դիտարկում որևէ նման գործընթաց, այսինքն՝ եթե իրենք սկսել են ինչ-որ նախընտրական քարոզարշավ, դա ... է, հատկապես երբ իշխանություններն են դրա մեկնարկը տալիս այս իրավիճակում», - ասաց նա:
Արցախի խորհրդարանը տևական ժամանակ քննարկում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որ նախագահականից անցնեն կիսանախագահական կառավարման համակարգին։ Մետաքսե Հակոբյանն ասում է՝ եթե հանրաքվեն լիներ, դրան կհաջորդեին արտահերթ ընտրությունները, բայց հիմա նման հարց չկա, ինչո՞ւ է առաջ ընկել իշխանությունը։
«Լավ չի ընդունվում պարոն Թովմասյանի այս հայտարարությունը: Նախ չենք հասկանում՝ ինչու է ինքն առաջ ընկել, և ո՞վ է այդ իրավունքն իրեն տվել այդպիսի հայտարարություն անելու»:
Արդյոք Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է իր թեկնածության հարցը. խորհրդարանի խոսնակն ասաց՝ Արայիկ Հարությունյանը վաղուց է հայտարարել՝ չի առաջադրվելու հերթական ընտրություններին։ Հերթականը 2025 թվականին է։ Նշանակում է՝ արտահերթին էլ քայլ չի անի, իսկ Թովմասյանի շրջապատից, ասաց, պահանջում են, որ կողմնորոշվի. «Մարդկանց պահանջները կան, կան, որ ասում են՝ կողմնորոշվի էլի՝ մասնակցելու ես, չես մասնակցելու: Ես ասում եմ՝ եթե լինի, մասնակցելու եմ»:
2025 թվականին լրանում է ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը, հիշեցնում է Մետաքսե Հակոբյանը։ Արցախում մինչ այդ պետք է ձևավորվեն իշխանություններ, որ այդ մարտահրավերին կարողանան դիմակայել։ Բայց դա միայն Սահմանադրական հանրաքվեից հետո, որը, ըստ նրա, եթե ոչինչ չխանգարի, այս գարնանը կանցկացվի։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ արտահերթի նպատակը նաև գործող իշխանություններից ազատվելն է։
«Ըստ էության, այս Սահմանադրությունը նպատակ ունի ազատվել, որովհետև այս իշխանություններին Արցախում և ժողովուրդը, ամեն դեպքում մեծամասնության անունից կարող եմ ասել, և քաղաքական մեր ուժերի մեծ մասը, եզակի, իրենց շրջապատող ուժերին եթե անենք, որը փոքրմասնություն է այսօր Արցախում կազմում, բավականին մեծ ուժեր այսօր պիտի ձերբազատվեն այս թիմից», - ասաց նա:
44-օրյա պատերազմից հետո Արցախն ու արցախցիները ծանր իրավիճակում են հայտնվել։ Ի՞նչն է այս պայմաններում գրավել Արթուր Թովմասյանին բացել արտահերթի ու իր նախագահ դառնալու թեման։ Եթե նույնիսկ ընտրվի, Արցախը ի՞նչ կշահի դրանից, ասաց. «Ես պատրաստ եմ անձնազոհության, ընտրվելու դեպքում իմ ժողովրդին մենակ չեմ թողնի»։
Անձնազոհության պատրաստ թեկնածուն, սակայն, չասաց՝ ինչ պետք է աներ իշխանությունը այս ճգնաժամից ելք գտնելու հարցում, որ չի արել։ Ասաց՝ քիթը չի խոթում կառավարության գործերի մեջ։