Մատչելիության հղումներ

Մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան


Հնարավոր բոլոր միջոցներով ու գործիքներով պետք է շարունակել պայքարել այս իրավիճակում, այսօր Արցախում տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պնդել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Պայքար չի նշանակում պատերազմ։ Պայքարել նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը։ Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից», - հայտարարել է նա։

Նախարար Վարդանյանը նշել է, որ միջազգային կարևոր դերակատարները ևս հայտարարել են, որ Արցախի հարցը փակված չէ: Պատասխանելով օգնության ակնկալիքների մասին հարցին՝ պետնախարարն ասել է, որ պետք չէ որևէ մեկի վրա հույս դնել և ձեռքերը ծալած նստել. «Առաջինը մե՛նք մեր գործը պետք է անենք, հետո նոր օգնություն ակնկալենք: Եթե ոչինչ չես անում, միայն հույս ես դնում ուրիշի վրա, ոչինչ չի ստացվի, բայց եթե պայքարում ես ու գործ ես անում, բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում»:

Հանդիպումների մասնակից մարտունեցիները նշել են, որ պաշտպանում են այդ տեսակետը և ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ հայրենիքից ու լքել իրենց տունը, հայտնում են պետնախարարի գրասենյակից:

Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 47 օր:

Ադրբեջանն ավելի վաղ Արցախի իշխանություններին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որոնք, սակայն, ընդունելի չեն եղել Ստեփանակերտի համար, ասել էր փորձագետ Ֆարիդ Շաֆիևը, ով գլխավորում է Ադրբեջանի նախագահի հրամանագրով Բաքվում հիմնադրված Միջազգային հարաբերությունների վելուծության կենտրոնը:

Ըստ նրա՝ Բաքուն պահանջել է, որ Արցախում հանքերի շահագործումը դադարեցվի, և վերահսկողության մեխանիզմ ստեղծվի Լաչինի միջանցքով բեռների փոխադրման համար: Ստեփանակերտի և Բաքվի միջև կայացած հանդիպումից հետո Արցախի նախագահականը հայտարարել էր, թե կողմերը համաձայնության չեն եկել:

Հայաստանի արտգործնախարարն էլ օրերս հայտարարեց՝ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում՝ նախ պնդում, թե միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի։

Լաչինի միջանցքի փակման իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում, հայտարարել էր Հայաստանի վարչապետը շաբաթներ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG