Հայաստանի արտգործնախարարն այսօր մեկնել է Թուրքիա: Անկարայում կայացավ Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, նախ տեղի է ունեցել երկու նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
«Ուզում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», - մասնավորապես հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Նրա թուրք պաշտոնակիցը, իր հերթին, ասել է. - «Փաստը, որ մենք այժմ հյուրընկալում ենք Արարատ Միրզոյանին, շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Երկրաշարժից անմիջապես հետո նա և պարոն Փաշինյանը մեզ ցավակցեցին, Փաշինյանը զանգահարեց մեր նախագահին՝ փոխանցելու համերաշխության իր ուղերձը, և Հայաստանը փրկարարների 28 հոգանոց խումբ ուղարկեց: Նրանք առաջին օրից շատ քրտնաջան աշխատել են, փրկել են մի աղջնակի ու կնոջ փլատակներից։ Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել իրենց նվիրված ու անձնուրաց աշխատանքի համար: Հայաստանը նաև 100 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց, այսօր ևս հավելյալ օգնություն ուղարկեց, միշտ հարցնում են՝ արդյոք մենք հավելյալ օգնության կարիք ունենք։ Հայաստանը որպես եղբայր իրենց պահեց՝ օգնության ձեռք մեկնելով մեզ այս դժվար ժամանակներում»:
«Մենք պետք է պահպանենք այս համերաշխությունը Հարավային Կովկասում՝ կարգավորման այս փուլում։ Մենք շատ ենք գնահատում այս մարդասիրական գործելակերպը, և ես կարծում եմ, որ այն կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
«Խոսեցինք այն քայլերի մասին, որ կարող ենք ձեռնարկել: Առաջինը պատմական Մետաքսի ճանապարհի վերականգնումն է։ Եվ ապագային նայելով մենք, օրինակ, երկկողմանի ուսումնասիրում ենք սահմանային անցակետերը, կամուրջները: Ինչ վերաբերում է ճանապարհներին՝ կան քայլեր, որոնք կարող ենք ձեռնարկել։ Եվ մենք համաձայնել ենք արագացնել այդ քայլերը», - ասել է Չավուշօղլուն և շարունակել. - «Կան երկու կամուրջներ, որոնցից մեկը Հայաստանում է, մյուսը՝ Թուրքիայում: Մետաքսի ճանապարհի այս պատմական կամրջի վերականգնումը շատ էական է, և մենք պատրաստվում ենք միասին աշխատել այս ուղղությամբ։ Մենք հատուկ բանագնացները կզբաղվեն այս հարցով»:
Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել էր հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը:
Նախարարի հետ Թուրքիա է մեկնել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Արարատ Միրզոյանը, ԱԳՆ-ի փոխանցմամբ, երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի ԹուրքիաՀարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Թուրքիա կատարելիք այցը: «Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- գրել է Կլաարը Թվիթերում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր Թուրքիա կատարելիք այցըՄիաժամանակ, Արտգործնախարարության խոսնակն այսօր հայտնեց, որ Հայաստանը հայ-թուրքական ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով, մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները երեկ ուշ երեկոյան են հատել սահմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել ԹուրքիաՇաբաթ օրը 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը Թուրքիային կապող ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց։ Մարգարայի կամրջով Հայաստանը 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց աղետից տուժած Ադիյաման քաղաք:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, որի արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Այդ պայմանավորվածությունը, սակայն, կյանքի չի կոչվել, փոխարենը՝ երկու երկրները վերականգնել են ուղիղ ավիափոխադրումները: Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Երևանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էլ անցած դեկտեմբերին հայտարարել էր՝ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ գարնանը պատրաստվում է գնալ Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. - «Ինչպես և անցած տարի Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ըստ ամենայնի կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում»:
Հայաստանի ԱԳ նախարարը Թուրքիա էր մեկնել նաև 2022 թվականի մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով, որտեղ կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը