Մատչելիության հղումներ

Հայ փրկարարներն աշխատում են Թուրքիայի Ադիյաման քաղաքում


Թուրքիա, որոնողա-փրկարարական աշխատանքներ երկրաշարժի գոտում, 7-ը փետրվարի, 2023թ.
Թուրքիա, որոնողա-փրկարարական աշխատանքներ երկրաշարժի գոտում, 7-ը փետրվարի, 2023թ.

Հայ փրկարարներն աշխատում են երկրաշարժից տուժած Թուրքիայի Ադիյաման քաղաքում, փրկարարական աշխատանքները երեկվանից են սկսել։ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում։

Հայաստանից Թուրքիա է մեկնել 27 փրկարար։ Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» («Ակոս») օրաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարևոր քայլ է համարում Երևանի այս որոշումը. - «Իբրև մարդասիրական օգնություն՝ դուրս բոլոր քաղաքական կեցվածքներից: Տեղին հաստատում, տեղին որոշում է Հայաստանը որդեգրել, ինչը 99-ի երկրաշարժի ժամանակ էլ կատարվել էր նույնը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էստուկյանը:

Հազարավոր զոհերի ու ավերումների պատճառ դարձած աղետից տուժած քաղաքներ բազմաթիվ փրկարարներ չեն հասնում, կամ փրկարարական աշխատանքներն արդյունավետ չեն իրականացվում, ասում է Էստուկյանը։ Պնդում է՝ պետությունը չի կարողանում ճիշտ կազմակերպել աշխատանքները։

«Պետությունն ուզում է ամեն ինչ իր հսկողության տակ ձևավորել, հետևաբար՝ արգելք է դառնում ազատ աշխատանքներին, բայց ինքն էլ դժվարանում է համակարգել բոլոր այդ փրկարարական աշխատանքները: Տեղեր կան, ուր մարդիկ տեխնիկա ունեն՝ վերամբարձ տեխնիկա ունեն, կամ հողը փորելու, բացելու տեխնիկա ունեն, բայց նրանց աշխատանքին էլ սահմանափակում է դրված. պետությունն ասում է՝ «մինչև մեզնից թույլտվություն չստանաք, չեք կարող աշխատել», - նշեց «Ագոս»-ի խմբագիրը:

Նախնական տվյալով՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով հայ զոհերի թիվն առնվազն 8 է: Բագրատ Էստուկյանը, սակայն, ասում է՝ այդ թիվը հնարավոր է մեծանա. փլատակների տակ դեռ հայեր կան, թե քանիսը, դեռ պարզ չէ. - «Մտահոգ ենք, որ այդ թիվը մի փոքր էլ կարող է բարձրանալ, որովհետև գիտենք, որ փլատակների տակ մնացած հայեր էլ կան տակավին»:

Հայաստանը նաև 29 փրկարար է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրիքիայի հարևան Սիրիա։ Այդ երկրում Հայաստանի դեսպանատնից հայտնում են՝ փրկարարների հետ տեղ է հասել նաև մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։

XS
SM
MD
LG