«Վագներ»-ի գերեվարված վարձկանները պատմել են ռուսական զորքերի մեծ կորուստների մասին

Ռուսաստան - «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կենտրոնակայանը Աանկտ Պետերբուրգում, արխիվ

Ուկրաինայում գերեվարված երկու ռուսներ, ովքեր պնդում են, թե հավաքագրվել էին «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության կողմից կալանավայրում, ամերիկյան CNN հեռուստաընկերությանը պատմել են մարտերում ռուսական զորքերի զանգվածային կորուստների մասին:

CNN-ը անվտանգությունից ելնելով իր զրուցակիցների անունները չի նշում, զրույցն էլ տեղի է ունեցել ուկրաինացի զինվորականների ներկայությամբ։

Ռուսները գերի էին ընկել անցյալ տարվա վերջին։ Երկուսն էլ նախկինում կրել են երկարաժամկետ ազատազրկում, մեկը դատապարտված էր 20 տարվա բանտարկության՝ սպանության համար:

Բանտարկյալները նկարագրել են Լուգանսկի շրջանում Բելոգորիվկայի վրա կատարված հարձակումը։ Ըստ նրանց՝ իրենց ջոկատում գտնվող 90 հոգուց 60-ը զոհվել են հրետանային կրակի տակ: «Վագներ»-ի մարտիկները պնդել են, թե ծանր կորուստները չեն խանգարում հարձակման շարունակությանը։

Գերի ընկած վարձկաններն ասում են, որ նրանք, ովքեր նահանջում են առանց առաջադրանքը կատարելու, գնդակահարվում են տեղում։ CNN-ի զրուցակիցներից մեկը պատմել է մի դեպքի մասին, երբ հարձակման գնալուց հրաժարված մարտիկին գնդակահարել են. նրան ստիպել են փորել սեփական գերեզմանը։ Միաժամանակ, ըստ բանտարկյալների, մարտադաշտից վիրավորների տարհանումն ապահովված չէ:

Բանտարկյալները պատմել են, որ իրենց գաղութում հավաքագրումն իրականացրել է անձամբ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը` խոստանալով ներում վեց ամիս ռազմաճակատում գտնվելուց հետո, ինչպես նաև դրամական պարգևներ և վարկերի մարում:

CNN-ի զրուցակիցների խոսքով՝ իրենց ասել են, որ կռվելու են արևմտյան երկրներից՝ Լեհաստանից և Գերմանիայից Ուկրաինայում կռվող վարձկանների, ոչ թե ուկրաինական բանակի դեմ։

Պրիգոժինը կամ «Վագներ»-ի այլ ներկայացուցիչներ հարցազրույցը դեռ չեն մեկնաբանել։

Հունվարին հայտնի դարձավ, որ «Վագներ»-ի վարձկանների նախկին հրամանատար Անդրեյ Մեդվեդևը քաղաքական ապաստան է խնդրել Նորվեգիայից։ Նա ապօրինի հատել էր ռուս - նորվեգական սահմանը: Մինչ այդ նա հայտարարություններ էր արել «Վագներ»-ի մարտիկների՝ միմյանց նկատմամբ դաժան պահվածքի մասին։

Ինքը՝ Պրիգոժինը, բազմիցս ակնարկել է, թե ճնշում է «դավաճաններին»։ Խմբին մոտ կանգնած աղբյուրներն աշնանը հրապարակեցին տեսանյութ, որտեղ իբր պատկերված էր «Վագներ»-ի կողմից հավաքագրված նախկին բանտարկյալ Եվգենի Նուժինի սպանությունը մուրճով. Նուժինը հանձնվել էր, իսկ հետո անհասկանալի հանգամանքներում կրկին հայտնվել Ռուսաստանում։ Պրիգոժինն ուղղակիորեն չի հաստատել կամ հերքել, որ Նուժինին սպանել են։