Մատչելիության հղումներ

Ուկրաինայում «Վագներ»-ի կազմում կռվում են նաև նախկին բանտարկյալներ


Այս օրերին կատաղի մարտեր են Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Ռուսները փորձում են գրավել Բախմուտը, այս քաղաքի մոտ հատկապես ակտիվ են «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության զինվորները, այդ թվում՝ նախկին բանտարկյալներ:

Երեկ "Верстка"-ն հրապարակել է հարցազրույց Ուկրաինայում գերեվարված «Վագներ»-ի զինծառայողի հետ: Ռուսաստանցի Ալեքսանդր Բոլչյովը պնդում է, թե նախկին բանտարկյալ է և գտնվում էր Ուկրաինայում «Վագներ»-ի կազմում:

Բոլչյովը հարցազրույցում ասում է, որ նախկին բանտարկյալներին սպառնացել են մահապատժի ենթարկել, եթե նրանք նահանջեն:

Ռազմագերին խնդրում է, որ իրեն չփոխանակեն և չհանձնեն ռուսական կողմին. - «Ես չեմ ուզում, քանի որ նրանք ինձ անմիջապես կսպանեն: Ես գիտեմ, որ նրանք ինձ կսպանեն: Ոչ մի փոխանակում, խնդրում եմ, տղաներ»:

Միևնույն ժամանակ, Բոլչյովը հավելում է, թե չգիտի «Վագներ»-ից Եվգենի Նուժինի պատմության մասին, ով, համաձայն բազմաթիվ հրապարակումների, ավելի վաղ մահապատժի է ենթարկվել փոխանակումից հետո. նրան սպանել են մուրճով և հրապարակել սպանության տեսանյութը:

"Верстка"-ն նաև կապ է հաստատել Բոլչյովի քրոջ՝ Եկատերինայի հետ, ով հաստատել է նրա ինքնությունը. - «Սա իմ եղբայրն է, նա մի քանի անգամ նստել է, երկրորդ անգամ՝ Լիպեցկում, ոչխար գողանալու համար»:

Լրագրողները պարզել են, որ 2020 թվականի սեպտեմբերին Չապլիգինսկի շրջանային դատարանը Բոլչյովին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ գառ գողանալու համար: Դատարանը վնասը գնահատել էր 4 հազար ռուբլի:

Հարցազրույցում ռուս երիտասարդը բացատրել է, որ գողության է գնացել գյուղում աշխատանքի բացակայության պատճառով, ասում էր, թե պարզապես ուտել էր ուզում: Իսկ Ուկրաինայում «Վագներ»-ի կազմում որոշել է պաtերազմել համաներում ստանալու համար: Ասում է՝ հուսով էր, թե պատերազմից հետո կկարողանա նորմալ աշխատանք գտնել:

Այն, որ «Վագներ»-ը պատկանում է Պուտինի մտերիմ գործարար համարվող Եվգենի Պրիգոժինին, պաշտոնապես հայտարարվեց միայն անցած աշնանը: Նախկինում գործարարը հերքում էր իր առնչությունը մասնավոր ռազմական այս ընկերության հետ:

XS
SM
MD
LG