Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվոր և սպա։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներ են, «Վագներ»-ի կամավորներ և վարձկաններ, այդ թվում՝ բանտարկյալներ։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի համատեղ հետաքննության մեջ։
Բաց աղբյուրներից լրագրողները տեղեկացել են 924 մոբիլիզացված ռուսաստանցիների մահվան մասին։ Այս թիվը ներառում է հունվարի 1-ին Մակեևկայի հրթիռակոծության ժամանակ զոհվածներին։ Հետաքննողներին հաջողվել է պարզել արհեստագործական ուսումնարանի հրթիռակոծման հետևանքով զոհված 101 ռուս զինվորների անունները, որոնցից 99-ը մոբիլիզացվածներ են։ Առնվազն 18 այլ զինվորների ընտանիքներ չեն կարողանում գտնել իրենց զավակներին մահացածների կամ ողջերի մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Մակեևկայում 89 զինծառայողի մահը։
Լրագրողները 11 ամիս է ուսումնասիրում են կորուստների դինամիկան։ Նրանք եկել են այն եզրակացության, որ այժմ կորուստների զգալի մասը կազմում են կամավորները, «Վագներ»-ի վարձկանները՝ ներառյալ բանտարկյալները, և մոբիլիզացվածները։ Նրանք միասին կազմում են հաստատված կորուստների ընդհանուր թվի 25 տոկոսը։
Պատերազմի առաջին փուլում ամենամեծ կորուստները կրել են օդադեսանտային ուժերը, ծովային հետևակայինները, Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) հատուկ ջոկատները, ինչպես նաև Ռուսաստանի գվարդիայի հատուկ ջոկատները՝ պրոֆեսիոնալ և լավ պատրաստված կազմավորումները, որոնք համալրված են հիմնականում պայմանագրային զինծառայողներով: